Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/354

Այս էջը հաստատված է

պետությունը չէր հաջողվում նրան, միշտ շփոթվում էր, լեզուն խառնում այնպես, որ չէր իմանում՝ ինչ անի, ուր պահի ձեռքերը և հետո դեռ երկար ժամանակ ինքն իրեն շշնջում էր պատասխանը, որպես թե ուզելով ուղղել ասածը։ Իսկ եթե աջողվում էր լավ պատասխանել, ծերունին կուրծքը դուրս էր ցցում, ուղղում էր ժիլետը, փողկապը, ֆրակը և իր արժանապատվությունը հասկացող մարդու տեսք էր ընդունում։ Երբեմն էլ այնպես էր խրախուսվում, այն աստիճանի հասցնում իր համարձակությունը, որ կամացուկ վեր էր կենում աթոռից, մոտենում գրքերի դարակին, որևէ գիրք վերցնում և մինչև անգամ հենց այդտեղ էլ կարդում էր, ինչ գիրք էլ որ լիներ։ Այս բոլորն անում էր կեղծ անտարբերությամբ և սառնասրտությամբ, կարծես միշտ էլ կարող էր այդպես, ինչ ուզենար՝ անել որդու գրքերը, կարծես շատ էլ չի զարմանում որդու բարեհաճության վրա։ Բայց մի անգամ ինձ պատահեց տեսնել, թե ինչպես վախեցավ խեղճը, երբ Պակրովսկին խնդրեց նրան, որ գրքերին ձեռք չտա։ Նա շփոթվեց, շտապեց, գիրքը տեղը դրեց գլխիվայր։ Հետո ուզեց ուղղել, շուռ տվավ և դրեց բերանը դեպի դուրս, ժպտաց, կարմրեց ու չէր իմանում՝ ինչպես քավի իր ոճիրը։ Պակրովսկին իր խորհուրդներով քիչ-քիչ մոռացնել էր տալիս ծերանուն իր վատ հակումները և հենց որ երեք անգամ իրար հետևից հարբած չէր տեսնում նրան, քսանհինգ կոպեկանոց կամ ավելի փող էր տալիս հեռանալիս։ Երբեմն կոշիկ, փողկապ կամ ժիլետ էր առնում նրա համար։ Ծերունին էլ իր նոր հագուստով հպարտանում էր աքլորի պես։ Երբեմն մտնում էր մեզ մոտ։ Ինձ ու Սաշայի համար քաղցր խմորեղենի աքլորներ, խնձորներ էր բերում և շարունակ խոսում էր մեզ հետ Պետինկի մասին։ Խնդրում էր մեզ, որ ուշադիր սովորենք, լսենք, ասում էր, որ Պետինկան բարի որդի է, օրինակելի որդի, և բացի այդ՝ ուսումնական որդի։ Այստեղ, երբեմն, աչքով էր անում մեզ, այնպես մազալու կերպով ծռմռվում, որ ծիծաղներս չէինք կարողանում զսպել և ծիծաղից թուլանում էինք։ Մայրիկս շատ էր սիրում նրան։ Բայց ծերունին ատում էր Աննա Ֆյոդորովնային, թեև նրա առջև հեզ ու խոնարհ էր գառան պես։