Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/357

Այս էջը հաստատված է

ձեզ, չէ՞ որ էլ երեխա չեք, փոքր աղջիկ չեք, արդեն տասնհինգ տարեկան եք, չէ՞»։ Եվ այստեղ, երևի ուղեղով ստուգեք, թե ճի՞շտ է, որ ես արդեն փոքր չեմ, նայեց ինձ և կարմրեց մինչև ականջները։ Ես չէի հասկանում. կանգնած էի նրա առջև ու նայում էի զարմանքից ապուշ կտրած։ Վեր կացավ, ամոթխած մոտեցավ ինձ, սաստիկ շփոթվեց, ինչ-որ ասաց, կարծեմ ներողություն էր խնդրում ինչ-որ բանի համար, թերևս, այն բանի համար, որ այժմ էր նկատել, թե ես այսքան մեծ աղջիկ եմ։

Վերջապես հասկացա։ Ու չեմ հիշում՝ ինչ պատահեց ինձ. շփոթվեցի, կորցրի ինքս ինձ, Պակրովսկուց էլ ավելի կարմրատակեցի, դեմքս ծածկեցի ձեռքերովս ու դուրս փախա սենյակից։

Չէի իմանում՝ ինչ անեի, ուր կորչեի ամոթից։ Հենց միայն այն պատճառով, որ նա ինձ վրա էր հասել իր սենյակում, ամբողջ երեք օր չէի կարողանում նայել նրան։ Կարմրում էի արտասվելու չափ։ Ամենատարօրինակ, ամենածիծաղելի մտքեր էին պտտվում գլխումս։ Այդ մտքերից մեկն այն էր, որ ուզում էի գնալ նրա մոտ, պարզ խոսել նրա հետ, խոստովանել նրան ամեն բան, անկեղծորեն պատմել ամեն ինչ և հավատացնել, որ ես հիմար աղջկա պես չեմ վարվել, այլ բարի մտադրությամբ։ Հենց այն է, բոլորովին վճռել էի գնալ, բայց, փառք աստծու, համարձակություն չունեցա։ Երևակայում եմ՝ ինչեր պիտի անեի։ Այժմ էլ, որ հիշում եմ այս բոլորի մասին, ամաչում եմ։

Մի քանի օր հետո մայրիկիս հիվանդությունը հանկարծ վտանգավոր դարձավ։ Արդեն երկու օր նա անկողնից վեր չէր կենում և երրորդ գիշերը տաքության մեջ զառանցում էր։ Ես մի գիշեր արդեն չէի քնել, նայում էի մայրիկիս, նստած էի նրա մահճակալի մոտ, ջուր էի տալիս, որոշ ժամերին՝ դեղ։ Երկրորդ գիշերը բոլորովին ուժասպառ էի եղել։ Ժամանակ առ ժամանակ քունս հաղթում էր, աչքերիս մեջ կանաչ շերտեր էին խաղում, գլուխս պտտվում էր և ամեն րոպե ընկնելու վրա էի հոգնածությունից, բայց մորս թույլ նվոցները զարթեցնում էին ինձ. ես ցնցվում էի, մի ակընթարթ բաց անում աչքերս, և ապա նիրհը նորից հաղթում էր ինձ։ Ես տանջվում էի։ Չեմ իմանում, չեմ կարողանում հիշել,