Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/367

Այս էջը հաստատված է

պահի իրեն և եթե մարդ կարգին չի պահում իրեն, նշանակում է գժություններ է անում, ասաց, թե վատ հակումները կործանում և ոչնչացնում են մարդուն, թվեց անժուժկալության միքանի կործանարար օրինակներ և եզրափակեց նրանով, թե ինքը միքանի ժամանակից ի վեր բոլորովին ուղղվել է և թե այժմ ինքն օրինակելի կերպով լավ է պահում իրեն։ Թե ինքն առաջ էլ զգում էր որդու խրատների արդարացիությունը, թե այս բոլորը վաղուց զգում ու պահում էր սրտում, բայց այժ՛մ սկսել է իսկապես ժուժկալ լինել, որի ապացույցն այն է, որ երկար ժամանակի ընթացքում իր հավաքած փողերով գնած գրքեր է նվիրում։

Ես չէի կարողանում զսպել արցունքներս ու ծիծաղս ծերունուն լսելիս, ի՜նչպես կարողանում էր սուտ խոսել, երբ եկել էր կարիքը։ Գրքերը փոխադրված էին Պակրովսկու սենյակը և դարակի վրա դրված։ Պակրովսկին իսկույն գուշակեց ճշմարտությունը։ Ծերունուն հրավիրեցինք ճաշելու։ Այդ օրն ամենքս այնքան ուրախ էինք։ Ճաշից հետո ֆանտ, թուղթ էինք խաղում։ Սաշան չարաճճիություններ էր անում, ես նրանից հետ չէի մնում։ Պակրովսկին ուշադիր էր դեպի ինձ և շարունակ առիթ էր որոնում խոսելու ինձ հետ մենակ, բայց ես խուսափում էի։ Դա ամենալավ օրն էր կյանքիս ամբողջ չորս տարվա ընթացքում։

Իսկ այժմ պետք է գան բոլորը տխուր, ծանր հիշողություններ. պիտի սկսվի իմ սև օրերի պատմությունը։ Ահա թե ինչու, գուցե, գրիչս սկսում է շարժվել ավելի դանդաղ և կարծես թե հրաժարվում է այլևս գրել։ Ահա թե ինչու, գուցե, ես այնպիսի ոգևորությամբ ու սիրով անցնում էի հիշողությանս մեջ երջանիկ օրերիս, իմ փոքրիկ կենցաղի ամենաչնչին մանրամասնություններին։ Այդ օրերն այնքան կարճատև էին. նրանց փոխարինեց վիշտը, սև վիշտը, որը, աստված գիտե, երբ կվերջանար։

Դժբախտություններս սկսվեցին Պակրովսկու հիվանդությամբ և մահով։

Նա հիվանդացավ իմ այստեղ նկարագրած վերջին անցքերից երկու ամիս հետո։ Այդ երկու ամսվա ընթացքում նա անդադրում աշխատում էր միջոցներ գտնել ապրելու համար, որովհետև մինչև այդ դեռևս որոշ գործի չէր։ Ինչպես