Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/386

Այս էջը հաստատված է

այն էլ, աստված գիտե, ինչ տեսակ պաշտոն կլինի, գուցե ստիպեն, որ երեխաներին դայակություն անեմ։ Իրենք էլ այնպիսի մարդիկ են, որ երկու տարում արդեն երրորդ դաստիարակչուհին են փոխում։ Ուրեմն, ի սեր աստծու, խորհուրդ տվեք ինձ, Մակար Ալեքսեևիչ, գնա՞մ, թե ոչ;— Այդ ի՞նչ է, որ երբեք ինքներդ չեք մտնում ինձ մոտ, երբեմն միայն ձեր աչքերն եք ցույց տալիս։ Համարյա թե միայն կիրակի օրերին ենք պատարագի ժամանակ իրար հետ տեսնվում։ Ի՞նչ է եղել, որ այդպես քաշվում եք։ Ճիշտ ինձ պես։ Իսկ չէ որ ես ձեր համարյա հարազատ ազգականն եմ։ Դուք ինձ չեք սիրում, Մակար Ալեքսեևիչ, իսկ ես մենակ երբեմն շատ տխուր եմ լինում։ Մի անգամ, մանավանդ մթնշաղին, նստում եմ մեն-մենակ։ Ֆեդորան գնում է ուր-որ։ Նստում եմ, մտածում-մտածում, հիշում եմ բոլոր անցած գնացածը, թե ուրախալին, թե տխուրը, ամեն ինչ անցնում է աչքիս առաջով, ամեն ինչ երևում է կարծես մշուշի մեջ։ Երևում են ծանոթ դեմքեր, սկսում եմ համարյա թե տեսնել պարզ կերպով մայրիկիս, տեսնում եմ ամենից հաճախ․․․ Իսկ ի՞նչպիսի երազներ եմ տեսնում։ Զգում եմ, որ առողջությունս խանգարված է․ այնպես թույլ եմ, ա՛յ, հենց այսօր, անկողնից որ վեր էի կենում առավոտյան, գլուխս պտտվեց, բացի այդ՝ այնպես վատ եմ հազում։ Ես զգում եմ, գիտեմ, որ շուտ կմեռնեմ։ Ո՞վ կթաղի ինձ։ Ո՞վ կգա դագաղիս հետևից։ Ո՞վ կցավի ինձ համար... և ահա ստիպված պիտի լինեմ, գուցե, մեռնել օտար տեղում, օտարի տանը, օտարի անկյունում։ Աստվա՛ծ իմ, ի՜նչքան տխուր է կյանքը, Մակար Ալեքսեևիչ։ Իմ բարեկամ, ի՞նչ եք դուք ինձ շարունակ կանֆետներով կերակրում։ Չեմ իմանում, ճշմարիտ, ո՞րտեղից եք այդքան փող գտնում։ Ա՜խ, իմ բարեկամ, պահեցեք փողերը, ի սեր աստծու, պահեցեք։— Ֆեդորան ծախում է իմ գործած գորգը. 50 ռուբլի ասսիգնացիա են տալիս։ Այս շատ լավ է, կարծում էի՝ ավելի քիչ կտան։ Ֆեդորային երեք ռուբլի կտամ, ինձ համար էլ շոր կգնեմ, հասարակ, մի քիչ տաք շոր։ Ձեզ համար ժիլետ կկարեմ, ինքս կկարեմ և լավ կտոր կջոկեմ։

Ֆեդորան ինձ համար մի գիրք է ճարել — Повести Белкина, որն ուղարկում եմ ձեզ, եթե ուզում եք կարդալ։