Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/387

Այս էջը հաստատված է

Միայն խնդրում եմ՝ չկեղտոտեք և երկար մի պահեք, ուրիշի գիրքն է. դա Պուշկինի հեղինակությունն է։ Սրանից երկու տարի առաջ այդ վիպակները ես ու մայրիկս միասին էինք կարդում. և այժմ այնպիսի տխրություն պատեց ինձ, որ նորից կարդացի։ Եթե ձեզ մոտ գրքեր կան, ուղարկեցեք ինձ, բայց միայն այն դեպքում, եթե Ռատազյայևից չեք ստացել։ Նա անշուշտ իր հեղինակությունը կտա, եթե միայն որևէ բան և երբևիցե տպագրել է։ Այդ ի՞նչպես է, որ ձեզ այնքան դուր են գալիս նրա հեղինակությունները, Մակար Ալեքսեևիչ,— այդ դատարկ բաները...— Դե՛հ, մնաք բարով։ Ինչքա՜ն շատախոսեցի։ Տխուր որ լինում եմ, ուզում եմ խոսել, հա՛ խոսել, ինչ բանի մասին ուզում է լինի։ Սա դեղ է։ Իսկույն թեթևանում եմ, մանավանդ, երբ դատարկում եմ սիրտս։ Մնաք բարով, մնաք բարով, իմ բարեկամ։

Ձեր Վ. Դ.
Հունիս 28

Ջանիկս, Վարվառա Ալեքսեևնա։

Բավական է դարդոտվեք։ Մի՞թե ամոթ չեք քաշում։ Բավական է, իմ հրեշտակիկ, այդ ի՞նչ բաներ եք մտածում։ Դուք հիվանդ չեք, հոգյակս, ամենևին հիվանդ չեք։ Դուք ծաղկում եք, հավատացեք, ծաղկում եք. մի քիչ դժգույն եք, բայց և այնպես ծաղկում եք։ Եվ այդ ինչ երազներ ու տեսիլներ են։ Ամոթ է, աղավնյակս, թողեք․ թքեցեք այդ երազների վրա, ուղղակի թքեցեք։ Ինչո՞ւ ես լավ եմ քնում։ Ինչո՞ւ ինձ բան չի պատահում։ Մեկ նայեցեք ինձ, ջանիկս։ Ապրում եմ ինձ համար, քնում եմ հանգիստ, առողջ եմ և այնքան կայտառ, որ մարդու քեֆը կգա ինձ նայելիս։ Բավական է, բավական, հոգյակս, ամոթ է։ Խելքի եկեք։ Ես ձեզ ճանաչում եմ, ջանիկս, հենց որ մի բան մտավ գլուխներդ, իսկույն սկսում եք ցնորել և դարդերով լցվել։ Թե որ սիրում եք ինձ, հոգյակս, թողեք այդ բոլորը։ Դաստիարակչուհի՞ գնաք.— երբե՛ք։ Ո՛չ, ո՛չ և ո՛չ։ Այդ ինչե՞ր եք մտածում, այդ ի՞նչ քամիներ են փչում ձեր գլխին։ Այն էլ ուրիշ տեղ պիտի տանեն։ Չէ որ չէ, ջանիկս, չեմ թողնի, բոլոր ուժերովս զինվում եմ այդպիսի մտադրության դեմ։ Իմ հին