Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/389

Այս էջը հաստատված է

բերնում, ա՛յ, այդ ժամանակ կարդացեք։ Ես չեմ վիճում (ո՞վ է այս բանի դեմ), կան Ռատազյայևից էլ լավ գրողներ, կան և մինչև անգամ շատ լավ գրողներ, բայց նրանք էլ են լավ, Ռատազյայևն էլ է լավ։ Նրանք լավ են գրում, նա էլ է գրում։ Նա իրեն համար առանձին, հենց այնպես գրում է և շատ լավ է անում, որ գրում է։ Դեհ, մնաս բարով, ջանիկս, գրել այլևս չեմ կարող, պետք է շտապեմ, գործ կա։ Էլի ասում եմ, ջանիկս, սիրունիկ պայծառիկս, հանգստացեք ու թող աստված ձեզ հետ լինի, իսկ ես մնում եմ

Ձեր հավատարիմ բարեկամ

Մակար Դեվուշկին:

Հ. Գ. Շնորհակալ եմ գրքույկի համար, բալիկս, Պուշկինն էլ կկարդանք, իսկ այսօր երեկոյան անպատճառ կմտնեմ ձեզ մոտ։

Հուլիս 1

Իմ թանկագին Մակար Ալեքսեևիչ։

Ո՛չ, իմ բարեկամ, ո՛չ, ես չեմ կարող ձեր հաշվին։ Մտածեցի և տեսա, որ շատ վատ եմ անում հրաժարվելով այնպիսի շահավետ պաշտոնից։ Այնտեղ գոնե հացի հաստատ մի կտոր կունենամ. ես կաշխատեմ ձեռք բերել օտար մարդկանց սերը, նույնիսկ կաշխատեմ փոխել բնավորությունս, եթե հարկավոր լինի։ Իհարկե, ցավալի և ծանր կլինի ապրել օտարների մեջ, ուրիշների ողորմությունը հայցել, ծածկվել և հարկադրել ինքս ինձ, բայց աստված կօգնի ինձ։ Հո չի՞ կարելի շարունակ խուսափել մարդկանցից։ Այդպիսի դեպքեր արդեն պատահել են ինձ։ Հիշում եմ, երբ դեռ ևս փոքր եղած ժամանակս պանսիոն էի գնում։ Պատահում էր, ամբողջ կիրակի օրը տանը վազվզում էի, թռչկոտում, այնպես որ մայրիկս երբեմն չարանում էր, բայց ոչինչ, սրտով, հոգով ուրախ էի, զվարթ․ բայց հենց որ երեկոն սկսում էր մոտենալ, մահացու տխրություն էր գալիս վրաս. պետք էր ժամը իննին պանսիոն գնայի, իսկ այնտեղ ամեն ինչ օտար էր, ամենքը սառը, խիստ, դաստիարակչուհիները երկուշաբթի