Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/401

Այս էջը հաստատված է

պատճառել ինձ, այժմ դարդ է դառել ինձ համար և միայն ցավագին ափսոսանք է առաջացրել իմ մեջ։ Վերջին ժամանակներս ես նկատում էի, որ դուք դարդոտ եք և թեպետ ինքս էլ ինչ-որ տխուր բան էի սպասում, բայց այն, ինչ որ պատահեց այժմ, մտքովս էլ չէր անցնում։ Ինչպե՞ս դուք կարողացաք մինչև այդ աստիճան հոգեպես ընկճվել, Մակար Ալեքսեևիչ։ Բայց այժմ ի՞նչ կմտածեն ձեր մասին, ի՞նչ կասեն այժմ նրանք ամենքը, որոնք ճանաչում են ձեզ։ Դուք, որին ես և ամենքը, հարգում էինք ձեր հոգու բարության, ձեր համեստության և խոհեմության համար, դուք այժմ հանկարծ ընկել եք այնպիսի մի զզվելի արատի մեջ, որի մեջ, թվում է, թե երբեք նկատված չեք եղել առաջ։ Որ իմանաք, թե ինչ պատահեց ինձ, երբ Ֆեդորան պատմեց, թե ձեզ գտել են փողոցում հարբած դրության մեջ և տուն են տարեք ոստիկանության ձեռքով։ Ես քար կտրեցի դարմանքից, թեև ինչ-որ արտասովոր բանի էի սպասում, որովհետև չորս օր կորած էիք։ Բայց մտածե՞լ եք արդյոք, Մակար Ալեքսեևիչ, թե ինչ կասեն ձեր իշխանավորները, որ իմանան ձեր բացակայության իսկական պատճառը։ Ասում եք, թե ամենքը ծիծաղում են ձեզ վրա, թե ամենքն իմացել են մեր կապը և թե իրենց ծաղրանքի մեջ ինձ էլ են հիշում ձեր հարևանները։ Ուշադրություն մի՛ դարձնեք այդ բանի վրա, Մակար Ալեքսեևիչ, և, ի սեր աստծու, հանգստացեք։ Ինձ վախեցնում է դարձյալ ձեր այդ կռիվը այն օֆիցերների հետ. այդ մասին ես լռեցի մութ կերպով։ Բացատրեցեք ինձ, ի՞նչ է նշանակում այդ բոլորը։ Գրում եք, վախենում էիք ամեն բան հայտնել ինձ, վախենում էիք ձեր խոստովանությամբ կորցնել իմ բարեկամությունը, թե հուսահատության մեջ էինք, չէիք իմանում՝ ինչով օգնեք ինձ իմ հիվանդության ժամանակ, թե ծախել եք ամեն բան, որպեսզի օգնեք ինձ և թույլ չտաք, որ հիվանդանոց գնամ, թե որքան կարողացել եք՝ պարտք եք արել և ամեն օր կռիվ ու ղալմաղալ ունեք տանտիրուհու հետ,— բայց այս բոլորը ծածկելով ինձնից, շատ վատ եք արել։ Բայց այժմ ես հո ամեն բան իմացա։ Դուք քաշվել եք ստիպելու ինձ, որ խոստովանվեմ, թե ես եմ եղել ձեր դժբախտ դրության պատճառը, այնինչ այժմ կրկնակի վիշտ եք պատճառել ինձ ձեր վարմունքով։ Այս բոլորն ապշեցրել