Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/406

Այս էջը հաստատված է

տարավ պահակի սենյակը, ես այդ բոլորը ծակից տեսա ու այնտեղ ինչպես հարկն էր մի լավ դնգսեց, բայց ազնիվ կերպով, որովհետև այդ ոչ ոք չտեսավ, բացի ինձանից, դե՛, ես էլ ոչինչ, այսինքն ուզում եմ ասել, որ ես ոչ ոքի չհայտարարեցի։ Իսկ սրանից հետո Պյոտր Պետրովիչը և Ակսենտիյ Օսիպովիչր — ոչինչ։ Պյոտր Պետրովիչը, գիտեք, այնքան պատվասեր մարդ է, որ ոչ ոքի էլ չասաց, այնպես որ հիմա նրանք իրար բարևում էլ են, ձեռք էլ են տալիս իրար։ Ես չեմ վիճում, ես, Վարինկա, ձեզ հետ վիճել չեմ համարձակվում, ես խորապես ընկա, և ինչ-որ ամենից սարսափելի է, իմ սեփական կարծիքով տանուլ տվի, բայց երևի ճակատիս այդ էր գրած, երևի այդպես էր ճակատագիրս․ իսկ ինչ որ գրած է մարդու ճակատին, նրանից փախչել չի կարող, այդ ինքներդ էլ գիտեք։ Ահա այս է մանրամասն բացատրությունը իմ դժբախտությունների և աղետների, Վարինկա։ Ես մի քիչ տկար եմ, ջանիկս, և զրկվել եմ զգացումներիս բոլոր նրբությունից։ Ուստի և այժմ վկայելով ձեզ իմ անձնվիրությունը, սերը և հարգանքը, մնում եմ, ողորմած իմ տիրուհի, Վարվառա Ալեքսեևնա,

ձեր ամենախոնարհ ծառա Մակար Դեվուշկին

Հուլիս 19

Ողորմած տեր, Մակար Ալեքսեևիչ։

Ես կարդացի ձեր երկու նամակն էլ և ապուշ կտրեցի։ Լսեցեք, բարեկամս, դուք կամ որևէ բան ծածկում եք ինձանից և ինձ գրել եք ձեր անախորժությունների մի մասը միայն, կամ թե․․․ հավատացնում եմ, Մակար Ալեքսեևիչ, ձեր նամակներից երևում է, որ դուք դեռևս խանգարված դրության մեջ եք․․․ Եկեք ինձ մոտ, ի սեր աստծու, եկեք այսօր, լսո՞ւմ եք, ուղղակի եկեք մեզ մոտ ճաշելու։ Ես չգիտեմ էլ, թե ինչպես եք ապրում այդտեղ և ինչպես հարթեցիք ձեր վեճը տանտիրուհու հետ։ Այս բոլորի մասին դուք ոչինչ չեք գրում և կարծես թե դիտմամբ լռության եք տալիս։ Ուրեմն ցտեսություն, իմ բարեկամ, մտեք մեզ մոտ անպատճառ