Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/41

Այս էջը հաստատված է

Նրա սիրո մեղմ նվագ.
Բայց և սրտիս երբե՛ք օտար
Չէ վառ կռվի դաշտի ահ,
Ո՛չ շառաչը սարսափահար,
Ո՛չ Հայրենյաց համար — մահ։

16 փետր. 1887.


* * *

Ո՜հ, որքա՛ն արձակ, որքա՛ն լայնագիրկ
Զգում եմ սիրտս, անգի՛ն բարեկամ.
Եվ աստեղալից որպես պարզ երկինք,
Որպես դաշտ անհուն թոռմող, անթառամ

յուր ծաղիկներով,—

Նա լի է անթիվ զգացմունքներով։
Բարեկա՜մդ իմ, ես միշտ նայում եմ
Թե՛ մարմնույս և թե՛ հոգույս աչքերով,
Նայում եմ, նայում,— և ես տեսնում եմ
Համայն աշխարհը հանդարտ և խռով

յուր տարրերքներով

Եվ փոփոխամիտ յուր բնությունով։
Տեսնում եմ մարդկանց և նրանց սրտեր,
Տեսնում եմ բախտի սրընթաց անիվ,
Տեսնում եմ կյանքի երջանկություններ,
Թշվառություններ տեսնում եմ անթիվ,

տեսնում եմ մահեր,

Բայց և գոյության բյուր պատերազմներ...
Եթե ես միայն համայն աշխարհին
Կարողանայի՜ սրտիս մեջ տեղ տալ...
Ո՜հ, բարեկա՛մդ իմ, բարեկա՛մդ անգին,
Սիրտս տխուր է, տխուր, վշտահար.

ես մեռնել կամիմ,

Ես կամիմ ապրել, սիրել ես կամիմ...

7 փետր. 1887.