Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/424

Այս էջը հաստատված է

անցան իմ ոսկե ժամանակները։ Այսօր նորից կարդացի ձեր բոլոր նամակները, տխուր եմ, ջանիկս։ Մնաք բարով, բալիկս, թող աստված պահպանի ձեզ։

Մ. Դեվուշկին

Հ․ Գ․ Վարինկա, դարդս ուզում էի նկարագրել ձեզ կես հանաքով, միայն թե, երևում է հանաք անելու շնորհք չունեմ։ Ուզում էի ձեզ զվարճացնել։— Ձեզ մոտ կմտնեմ, ջանիկս, անպատճառ կմտնեմ, վաղը կմտնեմ։

Օգոստոս 11

Վարվառա Ալեքսեևնա։ Աղավնյակդ իմ, ջանիկս։ Կորա ես, կորանք մենք երկուսս էլ, երկուսս էլ մեկտեղ, կորանք անդարձ։ Իմ վարկը, ամբիցիան—բոլորը արատավորված է, բոլորը կորած։ Ես կործանվեցի, դուք էլ կործանվեցիք, ջանիկս, դուք էլ ինձ հետ միասին, կործանվեցիք վերջնականապես։ Այս ես, ես տարա ձեզ դեպի կործանում։ Ինձ հալածում են, ջանիկս, արհամարհում են, ծիծաղում են վրաս, իսկ տանտիրուհիս սկսել է ուղղակի հայհոյել ինձ. այսօր բղավում-ճղավում էր ինձ վրա, շշպռում-շշպռում, հողի հետ հավասարեցնում։ Իսկ երեկոյան Ռատազյայևի մոտ նրանցից մեկն սկսել էր բարձրաձայն կարդալ իմ մի նամակի սևագրությունը, որ ես գրել էի ձեզ և գրպանիցս ընկել էր։ Տե՛ր իմ աստված, ի՜նչ ծիծաղ էին բարձրացրել։ Մեծարում էին մեզ, մեծարում, հրհռում, հրհռում դավաճանները։ Ես մտա նրանց մոտ և պատռեցի Ռատազյայևի դիմակը, ասացի, որ նա ուխտադրուժ և մատնիչ է։ Իսկ Ռատազյայևը պատասխանեց ինձ, թե մատնիչը ես ինքս եմ, թե ես զանազան սիլիբիլիներով եմ զբաղվում, ասում է, — դուք ծածկում էիք մեզնից, դուք լովելաս եք. և այժմ ամենքն լովելաս են անվանում, և ես ուրիշ անուն չունեմ։ Լսո՞ւմ եք, հրեշտակիկդ իմ, լսո՞ւմ եք, այժմ նրանք ամեն բան գիտեն, ամեն բանի ծանոթ են, և ձեր մասին էլ, բալիկս, գիտեն, ամեն բան, ինչ որ կա ձեզ մոտ, ամեն բան գիտեն։ Ի՞նչ եմ ասում, Ֆալդոնին էլ նրանց հետ է, նրանց հետ մեկտեղ, այսօր ես նրան խանութ եմ ուղարկում,