Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/429

Այս էջը հաստատված է

անխուսափելի անկումը։ Այդ արդեն ի վերուստ է այդպես վիճակված, և ես այստեղ մեղք չունեմ։ Սկզբում դուրս եկա, որ մի քիչ թարմանամ։ Այստեղ արդեն ամեն բան եկավ պակասը լրացնելու։ Երկինքը լաց էր լինում, եղանակը ցուրտ, անձրև. Եմելյան էլ մյուս կողմից պատահեց։ Վարինկա, նա արդեն ամեն բան, ինչ ուներ-չուներ, գրավ է դրել, ամեն բան գնացել է իր տեղը, և նրան որ հանդիպեցի, արդեն երկու օր էր՝ բերանը մի կաթիլ անգամ չէր առել, այնպես որ ուզում էր գրավ դնել այնպիսի մի բան, որը ոչ մի կերպ էլ չի կարելի գրավ դնել, որովհետև այդպիսի գրավներ չեն էլ լինում։ Դե՛, ինչ անեմ, Վարինկա, զիջեցի, ավելի շուտ մարդկությանը խղճահարվելով, քան թե սեփական ցանկությամբ։ Այսպես ուրեմն ահա թե հանցանքն ինչպես պատահեց։ Ու որ գիտենաք, ինչպես էինք մենք լաց լինում միասին։ Ձեզ հիշում էինք։ Նա շատ բարի․ խիստ բարի մարդ է և շատ էլ զգայուն։ Ես ինքս, ջանիկս, այս բոլորն զգում եմ, նրա համար էլ ինձ միշտ պատահում են այսպիսի բաներ, որովհետև ես շատ եմ զգում այս բոլորը։ Ես գիտեմ, թե ինչով եմ ես, աղավնյակդ իմ, պարտական ձեզ։ Ճանաչելով ձեզ, ես սկսեցի, նախ՝ ավելի լավ ճանաչել ինքս ինձ և ձեզ էլ սկսեցի սիրել, իսկ ձեզնից առաջ, հրեշտակիկդ իմ, ես մենակ էի և կասես քնած էի և ոչ թե ապրում էի աշխարհիս երեսին։ Նրանք, իմ չարագործները, ասում էին, թե մինչև անգամ իմ կերպարանքն էլ անվայելուչ է և զզվում էին ինձանից, դե՛, ես էլ սկսեցի զզվել ինձնից, ասում էին, թե ես բթամիտ եմ, ես էլ իսկապես կարծում էի, թե բթամիտ եմ. բայց հենց որ դուք երևացիք, իսկույն լուսավորեցիք իմ ամբողջ մութ կյանքը, այնպես որ իմ սիրտն էլ, հոգին էլ լուսավորվեցին, և ես հոգեկան հանգստություն ձեռք բերի, և իմացա, որ ես էլ վատ չեմ ուրիշներից, որ չնայելով ոչնչով չեմ փայլում, կոկված-հղկած չեմ, բայց և այնպես ես մարդ եմ, սրտով ու մտքերովս մարդ։ Իսկ այժմ զգալով, որ հալածված եմ բախտից, որ նրանից նվաստացած լինելով անձնատուր եմ եղել իմ սեփական արժանապատվության ուրացմանը, ես ընկճված լինելով իմ դժբախտությունների ծանրության տակ, ընկել եմ հոգով։ Եվ որովհետև դուք ամեն բան գիտեք, ջանիկս,