Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/431

Այս էջը հաստատված է

Օդը թարմ է, ցուրտ։ Ցողն ընկնում է խոտի վրա, ափին խրճիթներում ճրագներ են վառվում, նախիրը գալիս է, — ահա այդ ժամանակ դուրս եմ վազում տնից, որ նայեմ իմ լճին ու նայելով չեմ կշտանում։ Ջրի մոտ ձկնորսները ցախ են վաոել և խարույկի լույսը հեոու-հեոու տարածվել է ջրի վրա։ Երկինքն այնքան կապույտ է, ծայրերը երիզված կարմիր հրավառ շերտերով, և այդ շերտերը հետզհետե դժգունում են, դժգունում, դուրս է գալիս լուսինը, օդն այնքան զրնգան է, որ թեկուզ վախեցած մի ծիտ ծառի մի ճյուղից մյուսը թռչի, ղամիշը խշխշա թեթև հովից կամ ձուկը պոչովը տա ջրին,— ամեն ինչ լսվում է։ Կապույտ ջրի երեսը ծածկվում է նուրբ, թափանցիկ գոլորշու սպիտակ շղարշով։ Հեոուն մթնում է, ամեն ինչ մի տեսակ սուզվում է մառախուղի մեջ, իսկ մոտերքը ամեն ինչ—նավակը, ափը, կղզիները երևում են այնքան որոշակի, որ կարծես դանակով տաշած, հղկած դրված են աոջևդ. ափի մոտ ընկած մոռացված տակառը հազիվ նկատելի կերպով օրորվում է, ծառի ճյուղը դեղնած տերևներով խճճվել է ղամիշի մեջ, ուշացած ճայը ցատկում է ջրի երեսը, մերթ սուզվում սառը ջրի մեջ, մերթ նորից ցատկում և կորչում մաոախուղի մեջ,— ես նայում էի, ականջ դնում — լա՜վ էր, հրաշա՜լի։ Իսկ ես դեռևս մանուկ էի, երեխա...

Ես այնքան էի սիրում աշունը, ուշ աշունը, երբ արդեն հավաքում են հացը, վերջացնում բոլոր աշխատանքները, երբ խրճիթներում սկսվում են կոչունքները, երբ արդեն ամենքն սպասում են ձմռան։ Այն ժամանակ ամեն ինչ մռայլվում է, գորշ ամպերը ծածկում են երկինքը, դեղին տերևները փռվում, շավիղներ են կազմում մերկացած անտառի կողքերին, իսկ անտառը կապտում, սևին է տալիս, մանավանդ երեկոյան, երբ իջնում է խոնավ մառախուղը և ծառերը հազիվ երևում են մառախուղի միջից, ինչպես հսկաներ, ինչպես այլանդակ, սարսափելի ուրվականներ։ Երբեմն ուշանում ես զբոսանքի ելած ժամանակ, հետ ես մնում մյուսներից, գնում ես մենակ, շտապում,— ահալի է։ Դողում ես տերևի պես, մտածում ես՝ որտեղ որ է, սարսափելի մի բան գլուխը կհանի այս փչակից, մեկ էլ տեսար քամին սլացավ անտառով, վզզում է, շվացնում, ոռնում ողբագին,