Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/444

Այս էջը հաստատված է

Զգում եմ, թե շուրջս ամեն ինչ պտտվում է։ Ա՜խ, բալիկս, որ իմանաք, թե այժմ ինչ պիտի պատմեմ ձեզ։ Այս ի՞նչպես էր, որ մենք չէինք նախազգում այդ։ Ո՜չ, ես չեմ հավատում, թե նախազգացած չլինեի։ Այս բոլորը սիրտս գուշակում էր առաջուց։ Նույնիսկ այս օրերս այդպիսի մի բան տեսել էի երազումս։

Ահա թե ինչ պատահեց։— Կպատմեմ ձեզ առանց ոճի, այլ այնպես, ինչպես լեզուս կտա։ Այսօր գնացի պաշտոնիս։ Եկել, նստել գրում եմ։ Պետք է գիտենաք, ջանիկս, որ ես երեկ էլ էի գրում նույնպես։ Այսպես, ուրեմն, երեկ մոտենում է ինձ Տիմոֆեյի Իվանովիչը և անձամբ բարեհաճում է պատվիրել, թե ահա այս թուղթը կարևոր թուղթ է, շտապողական։ Արտագրեցեք, ասում է, Մակար Ալեքսեևիչ, որքան կարելի է մաքուր, շտապ և խնամքով. այսօր պետք է ստորագրվի։— Պետք է նկատեմ ձեզ, հրեշտակիկս, որ երեկ հալս տեղը չէր, ոչ մի բանի չէի ուզում նայել, այնպիսի տխրություն, թախիծ էր պատել ինձ։ Սիրտս սառնություն էր տիրել, հոգուս վրա խավար էր իջել։ Հիշողությանս մեջ շարունակ դուք էիք, իմ խեղճ պայծառիկս։ Այսպես, ուրեմն, ես էլ սկսեցի արտագրել, արտագրեցի մաքուր, լավ, միայն թե, չգիտեմ ինչպես ասեմ, որ ավելի ճիշտ լինի, ինքը սատանա՞ն ինձ մոլորեցրեց, թե գաղտնի ճակատագի՞րն էր այդպես որոշել, կամ թե պարզապես այդպես պետք է լիներ,— մի ամբողջ տող բաց էի թողել, ուստի և տերը գիտե, թե ինչ միտք էր դուրս եկել, ուղղակի ոչ մի միտք էլ չէր դուրս եկել։ Այդ պատճառով թուղթը երեկ ուշացավ և նորին գերազանցությանը միայն այսօր տվին ստորագրելու։ Ես, բանից անտեղյակ այսօր գնում եմ սովորական ժամին և տեղավորվում Եմելյան Իվանովիչի կողքին։ Պետք է նկատեմ ձեզ, բալիկս, որ վերջին ժամանակս ես սկսել եմ առաջվանից կրկնակի ավելի քաշվել և ամաչել։ Վերջին ժամանակս ոչ ոքի չէի էլ նայում։ Հենց որ մեկի աթոռը ճրճռար, ես տեղն ու տեղս ցամաքում էի, ոչ մեռած էի, ոչ կենդանի։ Ահա ճիշտ այդպես էլ այսօր, սուսուփուս, առանց ձայն-ծպտուն հանելու նստած էի ինձ համար կծկված, այնպես որ Եֆիմ Ակիմովիչր (այնպիսի մի բերան-պատռած մարդ, որի նմանը նրանից առաջ էլ չի եղել աշխարհիս երեսին) ասաց այնքան