Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/446

Այս էջը հաստատված է

Դեվուշկին կա, բայց նրա հետ ամենամոտիկ հարաբերությունների մեջ երբեք չէր մտել։

Սկսեց զայրագին. «Այս ի՞նչ եք արել, պարոն։ Ո՞րտեղ էին ձեր աչքերը, հարկավոր թուղթ է, շտապողական, իսկ դուք վերցնում, փչացնում եք։ Եվ դուք էլ այդ ի՞նչպես եք թույլ տվել».— այստեղ նորին գերազանցությունը դիմեց Եվստաֆիյ Իվանովիչին։ Ես միայն լսում եմ, թե ինչպես խոսքերի հնչյուններն են թռչում դեպի ինձ.— «Անփութություն, անշրջահայեցողություն։ Անախորժությունների մեջ եք գցում»:— Բերանս բաց արի, ինչ-որ բան ասելու։ Ուզում էի ներողություն խնդրեմ, չկարողացա, փախչել — չհամարձակվեցի, և այստեղ... այստեղ... ջանիկս, այնպիսի բան պատահեց, որ ես հիմա էլ գրիչս հազիվ եմ բռնում ամոթից։— Կոճակս — այ սատանան տանի — կոճակս, որ կախ էր ընկած թելից, հանկարծ պոկվեց, թռավ, վեր ու վար ցատկեց (երևի պատահմամբ ձեռքս դիպել էր), զրնգաց և հլորվելով գնաց ընկավ ուղղակի, այո, ուղղակի նորին գերազանցության ոտների տակ։ Անիծյալ լինի։ Եվ այս ընդհանուր լռության մեջ։ Ահա այս էր իմ բոլոր արդարացումը, ներողություն խնդրելը բոլոր պատասխանը, բոլորը, ինչ որ պատրաստվում էի ասելու նորին գերազանցությանը։ Հետևանքները սոսկալի էին։ Նորին գերազանցությունն իսկույն ուշադրություն դարձրեց իմ կերպարանքին և հագուստին։ Հիշեցի, թե ինչ տեսա հայելու մեջ։ Առաջ ընկա, որ կոճակը բռնեմ։ Խենթություն էր եկել վրաս։ Կռացա, ուզում եմ վերցնեմ կոճակը — գլորվում է, պտույտ է գալիս, չեմ կարողանում վերցնել, մի խոսքով ճարպկության կողմից էլ աչքի ընկա։ Այստեղ արդեն զգում եմ, որ վերջին ուժերս հասնում են, որ ամեն, ամեն բան կորած է արդեն։ Ամբողջ վարկս կորած է, ինքս ամբողջապես կորա, վերջացա։ Իսկ մյուս կողմից էլ, որտեղից որտեղ, երկու ականջներումս էլ սկսեցին դրդռալ Թերեզայի և Ֆալդոնիի իմ հասցեին ասած խոսքերը։ Վերջապես կոճակը բռնեցի, վերկացա և մեկ որ հիմարացել էի, գոնե կանգնեի շիփ-շիտակ, ձեռքերս ցած։ Չէ՛, ո՜րտեղ։ Սկսեցի կոճակր կտրտված թելերին կպցնել, կարծես թե կկպչեր. ու դեռ ժպտում էլ եմ, դեռ ժպտում էլ եմ։ Նորին գերազանցությունն սկզբում երեսը շուռ տվավ,