Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/449

Այս էջը հաստատված է

Միայն թե, ի սեր աստծու, նորից դատարկ տեղը փող մի՛ ծախսեք։ Ապրեցեք խաղաղ, որքան կարելի է համեստ, և հենց այս օրվանից սկսեցեք միշտ որևէ բան հետ գցել, որպեսզի նորից դժբախտությունները հանկարծակի չբերեն ձեզ։ Մեր մասին, ի սեր աստծու, մի՛ անհանգստանաք։ Ես ու Ֆեդորան մի կերպ կապրենք։ Ինչո՞ւ եք մեզ այդքան փող ուղարկել, Մակար Ալեքսեևիչ։ Բոլորովին հարկավոր չէ մեզ։ Մեր ունեցածովն էլ գոհ ենք մենք։ ճիշտ է, շուտով մեզ փող կհարկավորվի այս բնակարանից տեղափոխվելու համար, բայց Ֆեդորան հույս ունի մեկից մի ինչ-որ հին պարտք ստանալու։ Սակայն, քսան ռուբլի թողնում եմ ինձ մոտ ծայրահեղ կարիքների համար։ Մնացածը հետ եմ ուղարկում ձեզ։ Փողերը պահեցեք ի սեր աստծո, Մակար Ալեքսեևիչ։ Մնաք բարով։ Ապրեցեք հիմա հանդիստ, առողջ և ուրախ կացեք։ Ավելի շատ կգրեի ձեզ, բայց սարսափելի հոգնածություն եմ զգում, երեկ ամբողջ օրը չեմ վերկացել անկողնից։ Լավ եք արել, որ խոստանում եք գալ։ Եկեք, ի սեր աստծու, Մակար Ալեքսեևիչ։

Վ. Դ.
Սեպտեմբեր 11
Իմ սիրելի Վարվառա Ալեքսեևնա։

Աղաչում եմ ձեզ, բալիկս, մի բաժանվեք ինձանից հիմա, որ ես կատարելապես երջանիկ եմ և ամեն բանից գոհ։ Աղավնյակդ իմ։ Դուք Ֆեդորային ականջ մի դնեք, իսկ ես ամեն բան, ինչ որ հաճելի է ձեզ, կանեմ, լավ կպահեմ ինձ, հենց միայն ի հարգանս նորին գերազանցության ինձ լավ և անբիծ կպահեմ. մենք նորից բախտավոր նամակներ կգրենք իրար, կհայտնենք իրար մեր մտքերը, մեր ուրախությունները, մեր հոգսերը, եթե հոգսեր լինեն, կապրենք, երկուսով համաձայն և բախտավոր։ Կզբաղվենք գրականությամբ... Հրեշտակիկդ իմ։ Իմ վիճակի մեջ ամեն ինչ փոխվել է և ամեն ինչ դեպի լավն է փոխվել։ Տանտիրուհին ավելի զիջող է դարձել, Թերեզան խելոքացել է, նույնիսկ ինքը Ֆալդոնին մի տեսակ շարժուն է դարձել։ Ռատազյայևի հետ հաշտվել