Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/450

Այս էջը հաստատված է

եմ։ Ինքս գնացեք նրա մոտ, ուրախությունից դրդված։ Նա, հավատացեք, ջանիկս, լավ մարդ է, և ինչ որ նրա մասին ասում էին վատ, այդ բոլորը սուտ է։ Ես հիմա տեսա, որ այդ բոլորը զզվելի զրպարտություն է։ Նա ամենևին մտքովն էլ չի անցկացրել մեզ նկարագրելու, նա ինքն ասաց ինձ այդ։ Կարդաց ինձ մոտ իր նոր գրվածքը։ Իսկ որ այն ժամանակ ինձ լովելաս անվանեց, այդ ամենևին էլ հայհոյանք չէ կամ որևէ անվայել անուն, նա բացատրեց ինձ։ Այդ բառ առ բառ օտարազգի լեզվից է վերցրած և նշանակում է շարժուն, ճարպիկ տղա և եթե ավելի գեղեցիկ, ավելի գրականորեն ասենք նշանակում է՝ հը, տղա կարագս — ահա թե ինչ և ոչ թե ուրիշ որևէ բան։ Անմեղ հանաք է եղել, հրեշտակիկդ։ Իսկ ես, տգետս, նեղացա, որովհետև հիմար էի։ Այնպես որ հիմա ներողություն խնդրեցի նրանից... Եվ եղանակն էլ ինչ լավ է այսօր, Վարինկա, ինչ հրաշալի։ Ճիշտ է, առավոտյան մի քիչ ցուրտ էր, անձրև էր մաղում։ Ոչինչ։ Բայց օդը թարմացավ մի քիչ։ Գնացի կոշիկներ առնելու և զարմանալի կոշիկներ առա։ Անցկացա Նևսկով «Пчелка»-ն կարդացի։ Հա՛։ Գլխավորը մոռանում եմ ձեզ պատմել.

Գիտե՞ք ինչ։

Այս առավոտ խոսում էի Եմելյան Իվանովիչի և Ակսենտիյ Միխայլովիչի հետ նորին գերազանցության մասին։ Այո՛, Վարինկա, նա մենակ ի՛նձ հետ չի այդպես ողորմածաբար վարվել։ Նա մենակ ինձ համար չի բարերար, իր սրտի բարությամբ ամբողջ աշխարհին է հայտնի։ Շատ տեղերից են նրա պատվին փառաբանություններ վեր առաքվում և շնորհակալության արցունքներ թափվում։ Նրա մոտ մի սրբ աղջիկ է եղել դաստիարակվելիս։ Բարեհաճել է մարդի տալ նրան. ամուսնացրել է մի հայտնի մարդու հետ, որն իրեն իսկ՝ նորին գերազանցության առաջ հանձնարարությունների չինովնիկ է եղել։ Մի այրի կնոջ որդուն տեղավորել է մի ինչ-որ գրասենյակում և ուրիշ շատ զանազան բարեգործություններ է արել։ Ես, ջանիկս, իմ պարտքը համարեցի այդտեղ ևեթ իմ լուման էլ գցել։ Ի լուր ամենեցուն, պատմեցի նորին գերազանցության վարմունքը, ես բոլորը պատմեցի նրանց և ոչինչ չթաքցրի։ Ամոթս գրպանս դրի։ Ի՞նչ ամոթ, ինչ ամբիցիա այդպիսի հանգամանքում։ Հենց