Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/461

Այս էջը հաստատված է

այդ անպատճառ այդպես պետք է լինի. այսինքն այդտեղ աստծու կամքը անպատճառ պետք է լինի, և երկնքի ստեղծողի նախախնամությունը, իհարկե, և բարիքը, և անիմանալի, և բախտը նույնպես, դրանք նույնպես։ Ֆեդորան նույնպես ձեզ հետ համաձայն է։ Իհարկե, դուք հիմա բախտավոր կլինեք, ջանիկս, ամեն բան կունենաք, իմ աղավնյակ, իմ պայծառին, դուք իմ սիրունիկ, իմ հրեշտակիկ,— միայն գիտե՞ք ինչ, Վարինկա, այդ ի՞նչպես այդպես շուտով... Հա՛, գործերը... պ. Բըկովը գործեր ունի,— իհարկե, ո՞վ չունի գործ, կարող է պատահել, որ նա էլ գործեր ունենա... տեսա նրան, որ ձեզնից դուրս էր գալիս։ Երևելի, երևելի տղամարդ է, մինչև անգամ շատ է երևելի տղամարդ։ Միայն այս բոլորը մի տեսակ այնպես չէ, բանն այն չէ իսկապես, որ նա տեսոք տղամարդ է. դե՛, ես էլ հիմա մի տեսակ կորցրել եմ ինքս ինձ։ Միայն թե հիմա ի՞նչպես մենք նամակներ պետք է դրենք իրար։ Իսկ ես, իսկ ես, ի՞նչպես պետք է մենակ մնամ։ Ես, իմ հրեշտակիկ, բոլորը կշռադատում եմ, բոլորը կշռադատում, ինչպես դուք եք գրել, սրտիս մեջ կշռադատում եմ այդ բոլորը, այդ պատճառները։ Ես արդեն քսաներորդ թերթն էի վերջացնում արտադրել, այնինչ վրա հասան այդ բոլոր անցքերը։ Ջանիկս, ահա դուք գնում եք, ուրեմն ձեզ համար զանազան բաներ պետք է առնեք. զանազան կոշիկներ, հագուստ, հրես, ի դեպ, ես մի ծանոթ խանութ էլ գիտեմ Գորոխովայում. հիշո՞ւմ եք, որ ձեզ բոլորը նկարագրում էի։— Բայց չէ՛։ Այդ ի՞նչպես կարելի է, ջանիկս, ի՞նչ եք ասում, չէ՞ որ հիմա ձեզ համար անկարելի է, որ գնաք, բոլորովին անկարելի, ամենևին անկարելի։ Չէ՞ որ շատ բաներ պետք է առնեք և կառք ձեռք բերեք։ Բացի դրանից եղանակն էլ հիմա վատ է. մեկ նայեցեք, անձրևը ոնց է շռռալի գալիս և ինչ խոնավ, մեկ էլ... մեկ էլ այն, որ կմրսեք իմ հրեշտակիկ, սրտիկդ կմրսի։ Այդ ի՞նչպես է, վախենում եք օտար մարդուց, բայց գնում եք։ Իսկ ես ո՞ւմ հուսով պետք է մնամ այստեղ։ Հա՛, այ Ֆեդորան ասում է, թե ձեզ մեծ բախտավորություն է սպասում... բայց չէ՞ որ նա կատաղի կնիկ է և ուզում է ինձ կործանել։ Այսօր երեկոյան ժամ կգա՞ք, ջանիկս։ Կգայի ձեզ տեսնելու։ Հա՛, ճիշտ է, ջանիկս, կատարյալ ճշմարտություն,