Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/463

Այս էջը հաստատված է

Վախենում եմ, որ մինչև գնալներս մեռնի, բայց պարոն Բըկովն ասում է, թե ոչինչ, ուշքի կգա։ Մեր տանը սարսափելի անկարգություն է տիրում։ Պարոն Բըկովը մեզ հետ չի ապրում, ամենքը դես-դեն են ցրվել, աստված գիտե ուր։ Պատահում է, որ մենակ Ֆեդորան է մեզ ծառայում. իսկ պարոն Բըկովի կամերդիները, որը նայում է ամեն բանի, երրորդ օրն է արդեն հայտնի չէ՝ ուր է կորել։ Պարոն Բըկովը գալիս է ամեն առավոտ, շարունակ չարանում և երեկ ծեծեց տան գործակատարին, որի համար և անախորժություններ ունեցավ ոստիկանության հետ... Մարդ չկար, որ ձեզ նամակներ ուղարկեի։ Գրում եմ քաղաքային փոստով։ Հա՜, քիչ մնաց մոռանայի ամենից կարևորը։ Ասացեք մադամ Շիֆոնին, որ բլոնգներն անպատճառ փոխի երեկվա նմուշի համաձայն և ինքն էլ գա ինձ մոտ ցույց տալու նոր կտորը։ Ասացեք, որ ես միտքս փոխել եմ կանեզի մասին, որ կանեզը պետք է կարել մանր։ Մեկ էլ ասացեք, որ թաշկինակների վրա վենզելների տառերը պետք է կարել տամբուրով, լսո՞ւմ եք, տամբուրով և ոչ թե հարթակարով։ Տեսեք, չմոռանաք — տամբուրով։ Ա՛յ, էլի ինչ, քիչ էր մնում մոռանայի։ Ի սեր աստծու, ասացեք նրան, որ պելերինայի վրա թերթիկները կարի բարձր, բեղիկները և փշերը կորդոնե, և հետո վզնոցին կրուժովո կամ լայն ֆալբալա դնի։ Խնդրում եմ, իմ կողմից այս հայտնեցեք նրան, Մակար Ալեքսեևիչ։

Ձեր

Վ. Դ.

Հ. Գ. Ես այնպես խղճում եմ, որ ձեզ շարունակ տանջում եմ իմ հանձնարարություններով։ Ահա անցյալ օրն էլ դուք ամբողջ առավոտը վազվզում էիք դես ու դեն։ Բայց ինչ արած։ Մեր տանը ոչ մի կարգ չկա, իսկ ես ինքս տկար եմ։ Ուրեմն մի չարանաք ինձ վրա, Մակար Ալեքսեևիչ։ Այնպիսի թախիծ է տիրում ինձ։ Ա՜խ, երանի գիտենամ ինչ կլինի, իմ բարեկամ, իմ սիրելի, իմ բարի Մակար Ալեքսեևիչ։ Ես մինչև անգամ վախենում եմ խորը նայելու իմ ապագային։ Շարունակ ինչ-որ նախազգում եմ, և կասես մի տեսակ տագնապի մեջ եմ ապրում։