Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/469

Այս էջը հաստատված է

խո չեմ խելառվել ես։ Ի՞նչ իրավունք ունեմ։ Ես կգամ ձեզ հետ. ձեր կարետի հետևից վազ կտամ, եթե ինձ չվերցնեք ձեզ հետ, վազ կտամ, ինչքան որ ոտներումս ուժ կլինի, մինչև որ շունչս հատնի։ Բայց գիտե՞ք դուք, ջանիկս, թե ինչ կա այնտեղ, թե ուր եք գնում։ Գուցե թե չգիտեք, ապա ուրեմն ինձ հարցրեք։ Այնտեղ տափաստան է, բալիկս, տափաստան, մերկ տափաստան, ա՛յ, ինչպես ձեռքիս ափը՝ մերկ։ Կնիկարմատն այնտեղ անզգա է, մուժիկը անկիրթ, հարբեցող։ Այնտեղ հիմա ծառերի տերևները թափվել են, այնտեղ անձրևներ են գալիս, այնտեղ ցուրտ է,— և դուք այնտեղ եք գնում։ Դե, պարոն Բըկովն այնտեղ զբաղմունք ունի, նա իր նապաստակների հետ կլինի այնտեղ, իսկ դուք ինչ պիտի անեք։ Ուզում եք կալվածատերի կի՞ն լինել, ջանիկս։ Դե՛, հրեշտակիկդ իմ, մեկ նայեցեք ձեզ, դուք նմանո՞ւմ եք արդյոք կալվածատերի կնոջ... Ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել, Վարինկա։ Ո՞ւմ պետք է նամակներ գրեմ, ջանիկս։ Հա է՜, մեկ լավ մտածեցեք, ջանիկս, մեկ ինքներդ ձեզ հարցրեք, թե ո՞ւմ պետք է նամակներ գրի նա, այսինքն՝ ես։ Էլ ո՞ւմ պետք է ջանիկս անվանեմ, ո՞ւմ պետք է տամ այդ սիրելի անունը։ Հետո ո՞ւր գտնեմ ձեզ, հրեշտակիկդ իմ։ Ես կմեռնեմ, Վարինկա, անպատճառ կմեռնեմ, սիրտս չի դիմանա այդպիսի մի դժբախտության։ Ես ձեզ սիրում էի, ինչպես աստծու լույսը, սիրում էի, ինչպես հարազատ աղջկաս, ես ձեր ամեն ինչը սիրում էի, ջանիկս, բալիկս, և ինքս միայն ձեզ համար էի ապրում։ Ես աշխատում էի, թե՛ թղթեր գրում, ման էի գալիս, թե զբոսնում և իմ դիտողությունները տալիս էի թղթին բարեկամական նամակների ձևով, այս բոլորը նրա համար էի անում, որ դուք, ջանիկս, այստեղ, դիմացս, ինձ մոտիկ էիք ապրում։ Դուք, գուցե թե, այս չգիտեիք էլ, բայց այդ իսկապես այդպես էր։ Լսեցեք, ջանիկս, ինքներդ դատեցեք, իմ սիրելի աղավնյակ, այդ ինչպե՞ս կարող է լինել, որ դուք հեռանաք մեզանից։ Բալիկս, ախր չի կարելի, որ գնաք, անկարելի է, ուղղակի կատարելապես ոչ մի հնարավորություն չկա։ Հրես անձրև է գալիս, իսկ դուք թույլ եք, կմրսեք։ Ձեր կառեթը կթրջվի, անպատճառ կթրջվի․ հենց որ քաղաքից դուրս գնաք, կկոտրվի, դիտմամբ կկոտրվի։ Չէ՞ որ այստեղ Պետերբուրգում կառեթները շատ վատ են շինում։