Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/64

Այս էջը հաստատված է

իրենց հերթին ֆիզիկապես էլ անջատելու նրանց իրարից, հորը շպրտելով արտասահման՝ սովամահ լինելու այնտեղ տաքուկ անկյուններում նստած հայ «ազգասեր» հարուստների աչքի առջև, որոնց իդեոլոգն էր նա և որոնց սեղանի փշրանքներով էր պահպանում իր թերթը, իսկ որդուն նետելով դաժան Սիբիրի խորքերը՝ կամաց կամաց հյուծվելու ֆիզիկապես և մեռնելու այնտեղ մուրազին չհասած...

Մինչդեռ շատ ժամանակ չէր մնում, որ նա հասներ իր մուրազին։

Սուրենը մեռավ 1916 թվականի սեպտեմբերին, իսկ 1916 թվականի սեպտեմբերն արդեն ծեծում էր 1917 թվականի Հոկտեմբերի դուռը, երբ այնուհետև նա իրականացած պիտի տեսներ իր փափագած երազները։

1926 թ. սեպտեմբերի 28, Թիիֆլիս:


ՀԱՐԳԵԼԻ ԸՆԿԵՐ

Դուք դիմել եք ինձ մի քանի հարցումներով, որոնց պատասխանը խնդրում եք ինձանից։ Կաշխատեմ համառոտակի գոհացում տալ ձեր հարցասիրությանը, թեև առհասարակ ես չեմ սիրում խոսել իմ մասին։

Հարցնում եք՝ ո՞ր թվից է սկսում ստեղծագործությանս շրջանը և ի՞նչ երևույթի հետ է կապված այդ։

Պատասխանում եմ. ստեղծագործությանս շրջանն սկսվում է 1883—84 թվականից, այսինքն 16—17 տարեկան հասակիցս, և չեմ կարող ասել, թե ի՛նչ երևույթի հետ է եղել կապված այդ։

Գրական գործունեությունս սկսել եմ ոտանավորներ գրելով, որոնցից մի երկուսը լույս տեսան այն ժամանակվա «Արաքս» հանդեսում (Պետերբուրգ) և «Սոխակ Հայաստանի» ժողովածուի մեջ (կարծեմ Բաքու), եթե հիշողությունս չի դավաճանում ինձ՝ իմ իսկական ազգանվան սկզբնատառերով — Մ. Հ. (Միքայել Հովհաննիսյան)։ Սակայն գրական այդ ձևը շուտով ձգեցի և անցա արձակագրության. սկսեցի