Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/65

Այս էջը հաստատված է

գրել մանր պատմվածքներ ինձ ջրջապատող կյանքից և ապա վիպակներ և վեպեր։

Եթե մի գրականություն ինձ վրա խոր և անջնջելի տպավորություն է գործել, այդ այն ժամանակվա ռուս գրականությունն էր հանձինս Տուրգենևի, Դոստոևսկու, Գոնչարովի, Տոլստոյի, որոնց երկերից օգտվել եմ գրվածքներս հոգեբանորեն հիմնավորելու տեսակետից։ Դրոշիս վրա գրված է եղել,— հեռո՛ւ րաֆֆիական հեքիաթաբանություններից, իրական կյանքը՝ ինչպես որ կա, և մարդու ներքինը։

«Աննա Սարոյանի» նյութը վերցրել եմ 80-ական թվականների հայ բուրժուական ընտանիքի կյանքից։ Նպատակս եղել է ցույց տալ նյութականի վրա հիմնված մի ընտանիքի կործանումը և այդ ընտանիքում մեծացած աղջկա տրագեդիան՝ այն դեպքում, երբ այդ ընտանիքի միակ հենարանը — նյութականը — քանդվում է։ Բուրժուական դաստիարակությունն Աննային չի տվել ոչ մի իրական զենք կյանքի ձախորդությունների դեմ կռվելու, և հենց որ այդ ձախորդությունները գալիս ցցվում են նրա առջև, նա շնչահեղձ է լինում, ինչպես ջրից դուրս նետված ձուկը։ Լեոն ճիշտ է ասում, որ ես բավականացել եմ միայն դրությունն արձանագրելով, բայց եթե նա գտնում է, որ ես չեմ բացատրել պատճառները, չեմ մտել երևույթի պատմության և հոգեբանության մեջ, ապա կասեմ, որ այդ դեպքում ես կնմանեի այն նկարչին, որն աքաղաղ նկարելով՝ տակը կգրեր. «Սա աքաղաղ է»։

«Տանտիրոջս աղջկա» նյութն իրական կյանքից է, այն չափով, որ չափով որ պատկերում է այն ժամանակվա Թիֆլիսի հայ մեշչանական ընտանիքի կյանքը. ինձ ծանոթ են այդպիսի ընտանիքների մեկից ավելի աղջիկներ, որոնք միջնակարգ կրթություն ստանալով հանդերձ, ամուսնացել են, կամ ավելի ճիշտը՝ որոնց ամուսնացրել են տգետ, նույնիսկ միանգամայն անգրագետ վաճառականների հետ, միմիայն նրա համար, որ վերջիններս հարուստ են եղել, և նրանք, այդ աղջիկները ամուսնանալուց հետո տարիների ընթացքում մոռացել են իրենց ստացած կրթությունը և, միանգամայն գոհ իրենց բարեկեցիկ կյանքից, դարձել են