Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/67

Այս էջը հաստատված է

մարդու ձեռքին, այնուհետև նույն քաղաքի մեշչանական և մանր բուրժուական ընտանիքի կյանքը, մեր հասարակական հոսանքների բախումները, մեր ինտելիգենցիայի զանազան ներկայացուցիչների տիպերը։ Իմ առանձին գրքերով լույս չտեսած գրքերից ես կարող եմ թվել հետևյալները, որոնք բնավ չէի էլ կամենալ, որ լույս տեսնեին առանձին գրքերով, իբրև շատ թույլ երկեր. «Ճշմարիտ բարեկամը» — վիպակ, «Նունե» — վիպակ, «Բարերար և որդեգիր» — վիպակ, «Քնքուշ լարեր» — վեպ, «Զազունյան» — վեպ և այլ մանր-մունր պատմվածքներ։ Սրանք բոլորն էլ տպված են 1886 և 87 թվականներին։

Իմ կենսագրության մեջ հետաքրքրական ոչինչ չկա, ուստի թույլ տվեք ձեր հարցացուցակի այդ կետն անպատասխան թողնեմ։ Այսքանը միայն կարող եմ ասել, որ ծնվել եմ 1867 թ. Թիֆլիսում, ուսել եմ ռուսական դպրոցում և արհեստագիտական դպրոցում, ամբողջ կյանքս անցկացրել մեր համարյա բոլոր պարբերական թերթերի և հանդեսների խմբագրատներում իբրև թարգմանիչ և քարտուղար, իսկ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, մինչև այս տարվա սեպտեմբեր ամիսը — տպարաններում իբրև սրբագրիչ: Այժմ թոշակառու եմ։

Ինչ վերաբերում է իմ կարծիքին պրոլետգրականության մասին, պիտի ասեմ, որ դժբախտաբար, շատ քիչ եմ հետևել այդ գրականության ընթացքին և շատ քիչ եմ կարդացել այդ գրականությունից, բայց ինչ որ կարդացել եմ, ինձ վրա հուսալի տպավորություն է գործել։ Մի կողմ թողնելով պրոլետգրողների երկերի նյութը, որը հարկավ պտտվում է մեր հեղափոխության առաջացրած խնդիրների և նոր հիմունքներով վերակազմվող կյանքի շուրջը, մի բան ակներև է, որ գրողներն աշխատում են չգրել այնպես, ինչպես գրում էին հները։ Մեծ են նրանց որոնումները գեղարվեստի նոր մեթոդներ, նոր ձևավորում, նոր ոճ գտնելու, բայց թե ո՞ւր կտանեն նրանց այդ որոնումները, առայժմ դժվար է գուշակել։ Համենայն դեպս ապագան նրանցն է։