Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/68

Այս էջը հաստատված է
«ԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄԻ» ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ

Դուք հարցնում եք ինձ՝ «Ի՞նչ նվաճումներ է ունեցել պրոլետգրականությունը տասնամյակում»։

Եթե ընդունենք, որ մի 10—13 տարին շատ կարճ ժամանակամիջոց է այն գրանդիոզ հեղափոխության մեջ, որ առայժմ ընդգրկել է աշխարհիս միայն մեկ վեցերորդ մասը և իր հաղթական ընթացքով սպառնում է իր հուժկու հորձանքի մեջ առնելու մնացած հինգ վեցերորդ մասը ևս, ապա պետք է ապուշ կտրել ստեղծագործական այն ունակությունների հանդեպ, որ հանդես է բերել պրոլետարիատը, ի միջի այլոց, գրական ասպարեզում։

Այս տեսակետից ուսանելի է համեմատությունը նախահեղափոխական և ետհեղափոխական ժամանակների միջև։ Ես չեմ հիշում այս հեղափոխությունից առաջ մի տասնամյակ կամ հենց թեկուզ մի հիսնամյակ, որի ընթացքում գրականությունն այնպիսի նվաճումներ լինի կատարած (եթե չհիշենք հատ ու կենտ մեծ տաղանդները), որպիսիք կատարել է պրոլետգրականությունը ԽՍՀՄ մեջ ընդհանրապես և մեզնում մասնավորապես այս 10—13 տարում։

Եվ ուրիշ կերպ չէր էլ կարող լինել։

Ի՞նչ պայմանների մեջ էր գրականությունն առհասարակ հեղափոխությունից առաջ։ Նա մենաշնորհ էր անհայտ ընտրյալների համար։ Հրատարակչական գործը կենտրոնացած էր մասնավոր կապիտալի ձեռքում, որը գործին մոտենում էր շահի տեսակետից: Գրողի վրա ծանրացած էր ցարական ցենզուրայի քմահաճույքը։ Ազատ խոսքը մեռած էր։ Գրողը ստիպված էր եզոպոսյան լեզու բանեցնել։ Ընթերցանությունը նույնիսկ համարյա թե միայն ընտրյալների մենաշնորհն էր։ Ուսումից, գիտությունից և նույնիսկ հասարակ գրագիտությունից հեռու պահված ժողովրդի հսկա զանգվածի համար գրականությանը մի անհայտ աշխարհ էր։ Այսպիսի պայմաններում գրականության աճի և նվաճումների մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Գրականությունը մնացել էր կղզիացած, քարացած դրության մեջ. տասնյակ տարիներով չէր տալիս և ոչ մի նոր անուն, նոր հեղինակություն. տիրակալը մնում էին միշտ միևնույն խոշոր տաղանդները,