Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/77

Այս էջը հաստատված է

հանկարծ Մանդինյանի և Մալխասյանի մեջ «ինչ որ սև կատու» է անցնում,— թե ինչ սև կատու, պ. Մանդինյանը չի հիշատակում,— որով պ. Մադինյանի հինգ ամսվա անընդհատ աշխատանքը ջուրն է թափվում Մալխասյանի շնորհիվ։ Մալխասյանը հայտնում է պ. Մանդինյանին, թե՝ «Նար-Դոսը հրաժարվում է, եթե մեր կազմած աշխատությունը գլխիվայր չդնենք նրա ճաշակի և նրա քմահաճույքների համեմատ» (ստորագծումները պ. Մանդինյանինն է)։ Ապա Մալխասյանը ավելացնում է, թե՝ «որովհետև 23 տարի Նար-Դոսի ընկերն է եղել, ուստի ինքն էլ հրաժարվում է»։

Թողնելով, որ Մալխասյանն ինքը պատասխանի իրեն ուղղված մեղադրանքներին, իմ մասին կասեմ հետևյալը.

Ճշմարիտ է, ես, ժամանակս խիստ սուղ լինելու պատճառով, գրեթե իսպառ չեմ մասնակցել «իսկական» գործին, այսինքն նյութերի ընտրությանը, բայց իմ մասնակցությունը և շատ ծանր ու պատասխանատու աշխատանքը պետք է սկսվեր հետո, երբ ընտրված հում նյութերը պետք է մտնեին իմ տրամադրության տակ՝ մշակելու և ընթերցարանին հարմարացնելու համար:

Այն էլ ճշմարիտ է, որ ես հրաժարվեցի, բայց ոչ թե նրա համար, որ պահանջում էի պ. Մանդինյանի և պ. Մալխասյանի կազմած աշխատությունը գլխիվայր դնեմ իմ ճաշակի և քմահաճույքների համեմատ, այլ նրա համար, որ չէի ուզում մեր երեքիս անունը կրող աշխատությունը կազմված լիներ բացառապես պ. Մանդինյանի ճաշակի ու քմահաճույքների համաձայն։ Ես չկամեցա և բարոյական ոչ մի իրավունք չունիմ իմ անունս դնել մի ընթերցարանի վրա, որ պիտի կրեր պ. Մանդինյանի ոգին ու դրոշմը...

Բացի այս, գործին մոտիկից ծանոթանալուց հետո տեսա, որ պ. Մանդինյանը ձգտում է մեր ընթերցարանը դարձնել մի բուքսիր իր կազմած և, եթե չեմ սխալվում, ոչ մի տեղ ընդունելություն չգտած ռուսաց լեզվի ուսուցման դասագրքի համար, որ ասել է թե՝ առաջուց իսկ մահվան դատապարտել մեր ընթերցարանը։ Եվ, ի միջի այլոց, այս բանում պիտի արտահայտվեր պ. Մանդինյանի ոգին ու դրոշմը...

Ավելի պարզ բնորոշելու համար պ. Մանդինյանի այդ