Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/87

Այս էջը հաստատված է

Աշխատեցի նրանցից մի բան դուրս բերել, բայց չաջողվեց, այդ պատճառով մնացին։ Գիտես, որ «Նոր-Դարում» տպվող հոդվածների համար պատասխանատուն ես եմ, իսկ քո ընտրած լուրջ նյութերի նման նյութերի վերաբերմամբ պատասխանատվությունս կրկնակի է դառնում։ Ուրեմն ինչպե՞ս անեմ, որ խիստ չվերաբերվեմ։ Առանց այն էլ ես մի աններելի սխալ եմ գործել այդ կողմից, որի համար էլ մինչև այժմ ինքս ինձ խիստ հանդիմանում եմ։ Իմ խորհուրդս քեզ — գրիր կարճ, քիչ խոսքերով և միմիայն ընտրած նյութի մասին։ Թող մեծամիտ չթվամ քեզ, սիրելիս, ասում եմ այն, ինչ որ հասկացողությունս է ներում. գոհ չես, ծաղրիր ինձ։

Ինժեներ Գրիգորյանցին կիրակի օրը տեսա թատերասերների ժողովում, որի համար հատկապես հենց այդ օրը եկել էր Գորուց, և ասացի ինչ որ ինձ հանձնարարել էիր. ցավ հայտնեց, որ բոլորովին ժամանակ չունենալով և միշտ Գորում լինելով չի կարողացել ոչինչ անել։

Ի դեպ՝ թատերասերների ժողովում հաղթանակը մերն եղավ, խամախոհներն ուզում էին թատրոնական գործն էլ իրենց ձեռքը ձգել, բայց չաջողվհց, թեև անցյալ անգամ բռնի միջոցներով խանգարեցին ժողովը։ Ընտրված են, ինչպես «Նոր-Դարում» կարդացած կլինես, մեր մարդիկ։ Խամախոհները ջիգրը հանելու համար վճռել են այլևս թատրոն չգնալ, բայց առանց այդ էլ նրանք թատրոն չէին գնում։

Մի նոր վեպս, որ վաղուց սկսած էի, շարունակում եմ, չնայելով սուղ ժամանակիս և շարունակ հոգնած լինելուս, եռանդս եկել է. պատկերները, երևույթները, դրություններն, իրենք գործող անձերն այնքան վառ են, այնքան կենդանի են երևակայությանս մեջ, որ չեմ կարող նրանց չգծագրել թղթի վրա։ Խոլերն ու խութերը հարթված են, վեպը կեսից անցել է, թեև շուտ կվերջացնեմ, բայց տպագրության կտամ աշնանը։ Խոստանում է, իմ կարծիքով, աջող դուրս գալ։ Ա՜խ, ինչքան քաղցր է ստեղծագործելը։ Աշխարհիս երեսին ոչ մի քաղցրություն դրան չի հասնիլ։ Կյանքիս մեջ միակ բարոյական, առողջացնող, ազնվացնող և քնքշացնող զվարճությունն ու երջանկությունը, որ զգացել եմ ես և զգում եմ, այդ այն ժամանակն է միայն, երբ եռանդ կա և գրում