Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/98

Այս էջը հաստատված է
18. ԲԱԳՐԱՏ ՇԱՀՊԱՐՈՆՅԱՆԻՆ
1892. դեկտեմբերի 5. Թիֆլիս.

Սիրելի Բագրատ.

Հեռացար գնացիր, մեզ էլ մոռացար, «Նոր-Դարն» էլ։ Այդպես բան կլինի՞։ Թերթն ախր շիլափլավ է դարձել. մի կարգին սրբագրիչ չկարողացանք ճարել։ Քեզանից հետո ուղիղ չորս սրբագրիչ ենք փոխել, հետինը նախորդից մի քանի աստիճանով վատ, իսկ այժմյան սրբագրիչը խո անշնորհքության չափն անցած է, այնպես որ երկու տող ամենահասարակ գրվածքի սրբագրությունն անգամ չի կարելի հավատալ նրան և միշտ ինքս եմ ամեն երեկո սրբագրությունն աչքի անցնում։ Ի՞նչ արած, անճարը կերել է բանջարը։ Սպանդարյանը հիմա է հասկանում, որ Շահպարոնյանն ուրիշ էր։ Այդպես է աշխարհի օրենքը, մինչև չգա հետինը, ասում է, չի հիշվիլ առաջինը։ Այնպես որ, սիրելիս, մենք արդեն շատ դժվար դրության մեջ ենք մի կարգին սրբագրիչ ճարելու գործում։ Թերթը հետզհետե լույս է տեսնում խայտառակ սրբագրությամբ։ Ամեն կողմից գանգատվում են։ Այսպես չի կարելի շարունակել ախր։ Իհարկե, հասկանում ես, թե ինչ եմ ուզում ասել, եթե ոչ այժմյանից, գոնե հունվարից էլի դու պետք է հանձն առնես սրբագրությունը, և այդ նպատակով է, որ գրում եմ նամակս։ Ի՞նչ կասես։ Սպասում եմ պատասխանիդ։ Շուտով գրիր։

Քո Նար-Դոս


1893
14. ՄԻՆԱՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ
1893. մարտի 10. Թիֆլիս.

Սիրելի Մինաս.

Ծանր և երկարատև հիվանդությունից փոքր ինչ կազդուրվելով, հազիվհազ այժմ ուժ ունիմ գրիչը ձեռքս առնելու և նամակ գրելու քեզ. դեկտեմբերի վերջերից սկսած