Այս էջը հաստատված է

քնած՝ թաքուն վեր ես կացել, էկել, տունն անտեր թողել։ Փախել ես, հա՞, տանից։ Ջառը-ջհանդամը, թե փախել ես.— շատ էլ դարդ չեմ անի քեզ հմար, էս էրեխի՞ն ուր ես բերել։ Հը՞։ Խո չե՞ս ուզում էս սհաթին ճիվը ճվիցդ հանեմ, ճիճվի պես ճխլեմ ոտիս տակը։ Հը՞։ Ինձ չես ճնանչո՞ւմ։ Ըըը՜, ես քու…

Եվ մի ահագին բռունցք, կարծես երկաթից ձուլված, ծանր ու դանդաղ, հորիզոնական ձևով գնաց ու եկավ դիպավ կնոջ կողքին։

Անանը մինչև անգամ չճչաց, այլ միայն հանկարծ բերանը բաց արեց, ներս ծծեց օդը մի տարօրինակ հևքով, այնպես, ինչպես ջրից հանած ձուկը, հետո օրորվեց և կամաց, փալասի պես, վար ընկավ գետին։

— Ա՛, քու սիրտը չմեռնի, էդ ի՞նչ արիր,— ճչաց Հեղնարը… սարսափած և վազեց օգնության։

Յագորը մի րոպե թավամազ հոնքերի տակից նայեց իր ոտքերի առջև թավալված կնոջ չռած աչքերին, հետո, շարունակելով հայհոյանքները, մոտեցավ երեխային, որը շարունակում էր կրծել ձմերուկի կլեպը, վերցրեց և առանց շտապելու դուրս գնաց։

Պառավ նանը խոնարհվեց Անանի վրա և սարսափից քարացավ։

Անանն ընկած էր գետնին՝ որկորը տարօրինակ կերպով վեր ցցած․ չռած աչքերը նայում էին առաստաղին ապակու բութ փայլով․ բաց բերանից արյուն էր հոսում, հևքը կարծես քարացել էր այնտեղ։

―――――――――――――――――

Կնոջն սպանելու համար մեղադրվող դրոգապան Յագորը նախնական քննության ժամանակ դատական քննչի հարցուփորձին պատասխանելով՝ ասաց.

— Մի մուշտի տվի, է՛լի, ուրիշ բան խո չե՛մ արել։

ՆԵՂ ՕՐԵՐԻՑ ՄԵԿԸ

Պատրիկյանը մի հայացք ձգեց իր հնացած հագուստին, նայեց կոշիկների ծռմռված ծայրերին, դուրս եկավ սենյակից, դուռը փակեց կախովի կողպեքով, բանալին գրպանը կոխեց, անցավ բակի երկայնքով և բարձրացավ տանտիրոջ բնակարանի ընդարձակ պատշգամբը, որը մաքուր ու կարմրավուն, պլպլում էր հայելու պես, առավոտվա արևի