Այս էջը հաստատված է

էր ընկնում ջրի կուլան։ Սկզբում ուշադրություն չէր դարձնում, հետո կանգ առավ կուլայի առաջ և երկար ժամանակ չէր կարողանում հաղթահարել իր մեջ մի տարօրինակ զզվանք, որ, իբրև արբեցող, տածում էր դեպի ջուրը։ Բայց ոգելից խմիչքի ծարավը սպանում էր նրան, թուքը ցամաքել էր, որկորը խանձվել, պետք էր բերանը մի բանով թաց անել։ Եվ Դավիթը կամա-ակամա խոնարհվեց դեպի ջրի կուլան։

Բայց այդ միջոցին հանկարծ մի միտք ծագեց նրա գլխում, և նրա դաժան դեմքը մի րոպե կարծես պայծառացավ։

Նա արագորեն մոտեցավ պատի մեջ գտնված պահարանին, բաց արեց, հանեց օղու դատարկ շիշը, կուլայից մի գավաթի չափ ջուր ածեց մեջը և սկսեց ողողել։ Ողողեց, ողողեց օղու շիշը, հետո գլխին քաշեց և սկսեց ծծել։ Ծծում էր աչքերը փակ և շրթունքները պինդ սեղմած շշի պռնկին։ Այդ միջոցին նրա դեմքը գարշանքի այնպիսի արտահայտություն էր ստացել, որ կարծես լուծողական էր ընդունում։

Կինն առաջին անգամ բարձրացրեց գլուխը, նայեց նրան, հետևից մի չանչ արավ և նորից շարունակեց կարը։

Դավիթը չտեսավ այդ չանչը, բայց նրան թվաց, թե կինն իր հասցեին ինչ-որ փնթփնթաց քթի տակ։

— Հը՛, ի՞նչ ես փնթփնթում,— կամաց դարձավ նա կնոջ կողմը, շիշը հեռացնելով շրթունքներից։ Հրացայտ աչքերով երկար ժամանակ լուռ ու անշարժ խեթում էր կնոջը, հետո ավելացրեց ծանր ու սպառնալից,— ջանդ խո քոր չի գալիս։ Թե քոր ա գալիս, քորեմ…

Կինը ձայն ծպտուն չհանեց։

Դավիթը շիշը տեղը դրեց, պահարանի դուռը շրխկացնելով փակեց և գնաց նորից պառկեց թախտի վրա, չմոռանալով հայհոյանքի մի նոր փունջ հրամցնելու կնոջը։ Ջուրը թեև մի քիչ օղու համ էր ստացել, բայց իհարկե, այն չէր, ինչ որ քթից ծուխ հանող, աչքերից արտասուք քամող օղին, որ խմելուն պես բալասանի նման տարածվում է մարդու երակների մեջ, և այդ բանն էր, որ ավելի ջղայնոտ էր դարձրել Դավթին, ավելի ևս գրգռելով նրա ոգելից խմիչքի պապակը։ Նա սաստիկ ցանկանում էր, որ կինը ձայն հաներ, բան ասեր, որպեսզի իսկույն վեր թռչեր և մի լավ տրորեր նրան, սրտի բոլոր մաղձը նրա վրա թափելով։ Բայց Մային ձկան պես լուռ, իր բանին էր։

Դուռը դրսից ծեծեցին։

Դավիթը գլուխը բարձրացրեց, նայեց դռանը և նորից պառկեց։ Այդ անշուշտ Ակոբն էր— անդրանիկ որդին՝ ութ տարեկան, որ նոր էր