Այդ միջոցները շատ են ու բազմազան և հաճախ մտքի այնպիսի լարում են պահանջում, որ երբեմն պարզապես անմատչելի են շարքային խաղացողի դատողության համար։ Ով ընդունակ է ուշադիր հետևել, կարող է նաև լավ հիշել, և ամեն մի աչալուրջ շախմատիստ այսպիսով ի վիճակի է վիստ խաղալ, մանավանդ, որ խաղի տարրական օրինաչափությունների վրա հիմնված Հոյլի խրատները բավական պարզ են ու հանրամատչելի: Այսպիսով, վիստ խաղալու համար, ըստ տարածված կարծիքի, բավական է լավ հիշողություն ունենալ և անգիր անել ձեռնարկը։ Հենց այստեղ է, որ երևան է գալիս վերլուծողի արվեստը, որը դրսևորվում է կանոններով չնախատեսված ոլորտներում։ Նա անթիվ֊անհամար դիտարկումներ ու հետևություններ է անում, առանց բերանը բանալու։ Գուցե մնացած խաղացողները հենց նույն բանն են անում, բայց տվյալ դեպքում ստացված տեղեկությունների արժեքը որոշվում է ոչ այնքան հետևությունների հուսալիությամբ, որքան դիտարկումների որակով։ Կարևորն իմանալն է, թե ինչին նայել։ Այստեղ մեր խաղացողն իրեն ոչնչով չի կաշկանդում, ու թեև նրա անմիջական խնդիրը հենց խաղն է, նա չի վարանում հետևություններ անել ցանկացած այլ աղբյուրից։ Զննում է խաղընկերոջ դեմքը և այն բաղդատում մրցակիցների դեմքերին, ուշադրություն է դարձնում թղթերը բռնելու ձևին և հաճախ, փոխադարձ հայացքներից ելնելով, իրար ետևից գուշակում բոլոր հաղթաթղթերը։ Նա ուշադիր հետևում է բոլորի դիմախաղին, մտապահելով վստահության, զարմանքի, ցնծության կամ զայրույթի իրար փոխարինող բոլոր երանգները: «Ձեռքը» տանելու եղանակից նա իսկույն հասկանում է, կհետևի՞ դրան մյուսը, թե ոչ։ Թուղթը նետելու ձևից նա իսկույն կռահում է, որ հակառակորդը խաբուսիկ քայլ է անում։ Ակամա ասված խոսքը, բացված թուղթը և այն ծածկելու վախվորած կամ անվրդով ձևը, ձեռքերի հաշվելն ու դրանց կարգը, շփոթմունքը, վարանումը, անհամբերությունն ու տագնապը՝ ոչինչ չի վրիպում նրա թվացյալ անտարբեր հայացքից, բացահայտելով խաղի իրական վիճակը։ Մի երկու պտույտից հետո նա արդեն ամեն ինչ գիտի, և այնպիսի վստահությամբ է նետում իր թուղթը, կարծես թե բոլորն արդեն բացված են։
Վերլուծման շնորհը պետք չէ շփոթել սովորական հնարամտության հետ, վերլուծող մարդը չի կարող հնարամիտ չլինել, այնինչ հնարամիտը մեծ մասամբ ընդունակ չէ վերլուծել: