Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/102

Այս էջը հաստատված է

կարելի էր ավելի բնական և շոշափելի հիմքի վերագրել՝ ծանր ու երկարատև մի հիվանդության, որը մահվան դուռն էր հասցրել իր պաշտելի քրոջը՝ աշխարհում մնացած միակ հարազատ էակին։

— Քրոջս վախճանով,– ասաց նա դառնությամբ, որը երբեք չեմ մոռանա,— ես, տկար ու անհույս, կմնամ Աշըրների հինավուրց տոհմի վերջին շունչը։

Այդ պահին լեյդի Մեդըլայնը (այդպես էր նրա քրոջ անունը) դանդաղ անցավ սենյակի խորքով և հեռացավ, առանց նկատելու իմ ներկայությունը։ Չեմ կարող բացատրել, թե ինչու էի ես վախեցած ու ապշահար նայում նրան։ Ինչ-որ բան ճնշում էր ինձ, երբ ես փայտացած հետևում էի նրա քայլերին։ Երբ դուռը վերջապես փակվեց նրա ետևից, հայացքս ակամա դարձավ եղբորը, բայց նա դեմքը թաղել էր ձեռքերի մեջ, և ես տեսա միայն հյուծված մատների արանքից կաթող դառը արցունքները։

Լեյդի Մեդըլայնի հիվանդությունը վաղուց արդեն տարակուսանքի մեջ էր գցել նրա բժիշկներին։ Անտարբերություն ամեն ինչի հանդեպ, աստիճանական հյուծվածություն, կամքի և զգայությունների կարճատև, բայց հաճախակի կորուստ՝ ահա հիվանդության անսովոր ախտորոշումը։ Առայժմ լեյդի Մեդըլայնը համառորեն դիմադրել էր հիվանդությանը և հրաժարվել էր անկողին մտնել, բայց ժամանելուս օրը (ինչպես երեկոյան ինձ հայտնեց հուզախռով եղբայրը) տեղի էր տվել, այնպես որ, ինձ, հավանաբար, էլ բախտ չէր վիճակվի նրան տեսնել։

Հաջորդ մի քանի օրվա ընթացքում ոչ ես, ոչ Աշըրը չխոսեցինք նրա մասին. ես ամեն կերպ փորձում էի ցրել ընկերոջս թախիծը։ Մենք միասին կարդում էինք ու նկարում, կամ էլ ես, ասես քնիս մեջ, ունկնդրում էի նրա կիթառի վայրի հանպատրաստից նվագները։ Մեր հետզհետե մտերմացումն ինձ աստիճանաբար թույլ էր տալիս թափանցել նրա հոգու խորքը, և ես դառնությամբ համոզվում էի, որ այդ վշտահար, չորս կողմը մռայլ ստվեր նետող հոգին աշխուժացնելու բոլոր փորձերն ապարդյուն են։

Ես միշտ պիտի հիշեմ այն վեհ պահերը, որ ապրեցի Աշըրի տան տիրոջ հետ, սակայն հազիվ թե կարողանամ պատկերացում, տալ, թե ինչով էինք մենք զբաղված այդ օրերին։ Նրա անսանձ իդեալիզմն ամեն ինչին ֆոսֆորային փայլ էր տալիս։ Նրա