պակասող քաջությունը լրացնելու համար։ Երբեմն էլ ես պարզապես գտնում էի, որ դա խելագարի անբացատրելի մի քմահաճույք է, երբ նա, օրինակ, ժամերով հայացքը դատարկությանը հառած, ասես ունկնդրում էր ինչ-որ երևակայական ձայների։ Զարմանալի չէ, որ նրա այդ վիճակը սարսափեցնում, վարակում էր ինձ։ Նրա ֆանտաստիկ սնահավատությունը դանդաղ ու անդառնալի կերպով տարածվում էր նաև ինձ վրա։
Լեյդի Մեդըլայնի թաղման վեցերորդ թե յոթերորդ օրն էր, և ես բավական ուշ պատրաստվում էի անկողին մտնել, երբ այդ զգացմունքներն առավել սաստիկ ծանրացան վրաս։ Քունը փախչում էր ինձնից, մինչ ժամերն անցնում էին ժամերի ետևից։ Ես փորձում էի ընդդիմանալ ինձ տիրացած անհանգիստ տրամադրությանը։ Ես ձգտում էի համոզել ինձ, որ իմ նեղության հիմնական, եթե ոչ միակ, պատճառը սենյակի մռայլ կահավորումը և պատերը ծածկող քրջոտ ու մուգ վարագույրների շրշյունն էր, որոնք ծածանվում էին փոթորիկ գուշակող քամու շնչից։ Սակայն բոլոր ջանքերս իզուր էին։ Անզսպելի երկյուղը հետզհետե ծավալվում էր հոգուս մեջ, և քիչ հետո բոլորովին անհիմն տագնապի դևը արդեն հեծել էր սիրտս։ Ուժերի գերագույն լարումով ինձ հաջողվեց թոթափել վախը։ Ես հենվեցի բարձին և աչքերս մթությանը հառած ականջ դրի, երևի բնազդի դրդմամբ, չգիտես որտեղից եկող թույլ, անորոշ ձայներին, որոնք լսվում էին դրսում մոլեգնող փոթորկի դադարներին։ Անբացատրելի, բայց և անտանելի սարսափով մղված, ես հապճեպ հագնվեցի (զգալով, որ այդ գիշեր ինձ էլ չի վիճակվի քնել) և փորձեցի հաղթահարել ողորմելի վիճակս սենյակով մեկ քայլելով։
Հազիվ մի երկու պտույտ էի այդպես գործել, երբ հարևան սանդուղքի վրա լսվող թեթև քայլերը գրավեցին իմ ուշադրությունը։ Հաջորդ պահին Աշըրը, դուռը կամացուկ թակելով, լապտերը ձեռքին մտավ սենյակս։ Նրա դեմքը, ինչպես միշտ, դիակ էր հիշեցնում, բայց աչքերն այս անգամ խենթ ուրախությամբ էին լեցուն, որն, անկասկած, հիստերիկ վիճակի նշան էր։ Նրա տեսքն ահաբեկիչ էր, բայց այժմյան իմ դանդաղ տանջանքին նախընտրելի էր ցանկացած ընկերակից, և ես նույնիսկ ուրախացա նրան տեսնելով։
— Իսկ դուք չե՞ք տեսել,— հանկարծ ասաց նա, լռությունը խախտելով,— չե՞ք տեսել... Ուրեմն նայե՛ք:— Նա նետվեց դեպի