Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/113

Այս էջը հաստատված է

մի բան երկնքում կամ երկրում, որը ես չլսեի։ Ես նույնիսկ լսում էի շատ բաներ, որոնք կատարվում էին դժոխքում։ Էլ ինչո՞ւ պիտի խելագար լինեմ։ Դե լսեք և համոզվեք, թե ես որքան հանգիստ ու ողջամտորեն եմ ամեն ինչ պատմելու։

Չեմ կարող ասել, թե այդ գաղափարն առաջին անգամ երբ ծագեց իմ մտքում, բայց ծագելուց հետո ինձ գիշեր֊ցերեկ էլ հանգիստ չէր տալիս։ Ես ոչ մի հատուկ նպատակ չունեի։ Ոչ ոքի չէի ատում։ Ես սիրո՜ւմ էի ծերուկին։ Նա ինձ երբեք վատություն չէր արել։ Երբեք չէր վիրավորել։ Նրա ոսկին ինձ պետք չէր։ Մեղավորը երևի նրա աչքն էր։ Այո՛, այո՛, հենց ա՜չքը, որն ասես թե անգղի բաց երկնագույն, թափանցիկ թաղանթով պատած աչք լիներ։ Երբ էլ որ այդ աչքն ընկներ վրաս, արյունը սառում էր իմ երակներում, և այդպես, աստիճանաբար, ասես ինքն իրեն, ես հաստատ որոշեցի սպանել ծերունուն և ազատվել այդ աչքից։

Բանն էլ հենց այդ է։ Դուք ինձ խելագար եք համարում, բայց խելագարն ինքն էլ չգիտի, թե ինչ է անում։ Դուք պետք է ի՜նձ տեսած լինեիք։ Մի տեսնեիք, թե որքան հմտորեն, ինչպիսի զգուշությամբ ու հեռատեսությամբ և ինչ կեղծավորությամբ էի առաջ տանում իմ գործը։ Ես դեռ երբեք այդքան սիրալիր չէի եղել նրա հանդեպ, որքան սպանելուն նախորդող շաբաթվա ընթացքում։ Ամեն օր կեսգիշերին ես զգույշ պտտում էի բռնակը և կամաց, շատ կամաց հրում նրա սենյակի դուռը։ Երբ արդեն գլխիս չափ ճեղք էր բացվում, ես նախ ներս էի մտցնում խնամքով ծածկված լապտերը, այնպես, որ լույսի ոչ մի շող չերևար, հետո խցկում էի գլուխս։ Դուք, երևի չդիմանայիք և փռթկայիք, եթե տեսնեիք, թե որքան խորամանկորեն էի ես այդ բոլորն անում։ Ես դանդաղ, շա՜տ դանդաղ էի շարժվում, որպեսզի չարթնացնեմ ծերուկին։ Մի ամբողջ ժամ էր տևում, մինչև որ գլուխս լրիվ անցնում էր ճեղքից, և ես կարողանում էի տեսնել անկողնում պառկած ծերուկին։ Չե՞ք կարծում արդյոք, որ խելագարն այդքան խոհեմ չէր լինի։ Հետո, երբ գլուխս արդեն ներսում էր, ես զգույշ, շա՜տ զգույշ (որովհետև սռնին կարող էր ճռռալ) բացում էի լապտերի փեղկն այնքան, որ լույսի մի բարակ շող ընկներ անգղի աչքին։ Եվ այսպես յոթ երկար գիշեր, միշտ կեսգիշերին. բայց աչքն ամեն անգամ փակ էր լինում։ Գործը գլուխ չէր գալիս, քանի որ ինձ ոչ թե ծերուկն էր տանջում, այլ նրա Չար Աչքը։ Ամեն առավոտ, երբ լույսը բացվում