վախը շարունակ սաստկացել էր։ Նա փորձել էր սրտապնդել իրեն, բայց ապարդյուն։ Նա մտածել էր. «Կա չկա մուկ էր, պարզապես քամին էր ծխնելույզում խաղում» և կամ «ծղրիդի ձայն էր, ուրիշ ոչինչ»։ Նա փորձել էր հանգստացնել իրեն այդ պատրանքներով, բայց ամեն ինչ իզուր էր, իզուր։ Որովհետև դա մահվան սև ստվերն էր գաղտագողի մոտեցել ու կառչել իր զոհից։ Այդ մռայլ ստվերի ազդեցության տակ նա թեև չէր տեսնում, բայց զգում էր իմ գլխի ներկայությունը սենյակում։
Երկար, շատ երկար ես համբերությամբ սպասում էի, որ նա պառկեր, և վերջապես որոշեցի փոքրիկ, մազաչափ մի ճեղք բանալ լապտերում։ Անհավատալիորեն դանդաղ և զգույշ ես բացեցի դռնակը, մինչև որ լույսի սարդոստայնի պես բարակ մի ճառագայթ ընկավ անգղի աչքին։
Աչքը բաց էր, լայն չռված, և նրա տեսքն ինձ կատաղեցրեց։ Ամբողջ մարմինս փշաքաղվում էր, երբ նայում էի այդ երկնագույն, քստմնելի թաղանթին։ Ծերուկի դեմքն ու մարմինը չէին երևում, քանի որ ես, ասես բնազդաբար, ճառագայթն ուղղել էի ճիշտ այդ անիծյալ կետին։
Ասում էի չէ՞, որ դուք խելագարության տեղ եք դրել զգայություններիս արտակարգ սրությունը։ Նույն այդ պահին ես լսեցի ցա՜ծր, խուլ և ընդհատվող մի ձայն, որը նման էր բամբակի մեջ փաթաթած ժամացույցի ձայնին։ Ով-ով, իսկ ես ճանաչում էի այդ ձայնը։ Դա ծերունու սրտի տրոփն էր, որը բորբոքեց իմ կատաղությունը, ինչպես թմբուկի ձայնն է խթանում զինվորի խիզախությունը։
Նույնիսկ այդ պահին ես ինձ զսպեցի և չշարժվեցի իմ տեղից։ Ես շունչս պահած ձեռքիս մեջ ամուր սեղմեցի լապտերը, աշխատելով ինչքան կարելի է անշարժ պահել նրա լույսն անգղի աչքին։ Մինչ այդ սրտի դժոխային զարկերը քանի գնում այնքան ուժեղանում էին և ավելի ու ավելի հաճախակի դառնում։ Ծերունու սարսափը պետք է որ ամեն սահման անցած լիներ։ Բաբախոցն ուժեղանում էր, դուք հասկանո՞ւմ եք, գնալով ավելի էր ուժեղանում։ Ես ձեզ արդեն ասել եմ, ուրեմն, որ ջղային եմ։ Եվ ահա ուշ գիշերով հին տան չարագուշակ լռության մեջ լսվող զարհուրելի ձայնն ինձ գրեթե խելագարության դուռը հասցրեց։ Չնայած դրան, ես կարողացա մի քանի վայրկյան ևս զսպել ինձ։ Բայց սրտի բաբախոցն ավելի ու ավելի էր սաստկանում, և ինձ թվաց, թե նա ուր որ է կպայթի։ Այդ պահին