Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/12

Այս էջը հաստատված է

ընկերությունն ինձ համար մեծ պարգև կլիներ, ուստի և անկեղծորեն խոստովանեցի նրան այդ ամենը։ Մենք որոշեցինք, որ իմ Փարիզում եղած ժամանակ կապրենք միասին, և քանի որ իմ նյութական վիճակը փոքր֊ինչ ավելի լավ էր, ես առաջարկեցի տուն վարձել։ Մեր ընտրած տունը Սեն Ժերմեն արվարձանի խարխուլ ու արտառոց մի շինություն էր, վաղուց լքված ինչ֊որ սնապաշտ նկատառումներով, որոնց բնույթի մեջ մենք չխորացանք։ Մենք այն կահավորեցինք ըստ մեր ընդհանուր, բավական մռայլ ու մելամաղձոտ ճաշակի։ Եթե աշխարհն իմանար, թե ինչպես էինք մենք այնտեղ ապրում, մեզ անկասկած խելագարի տեղ կդնեին, թեև ոչ վտանգավոր խելագարի։ Մենք ոչ ոքի հետ չէինք շփվում և այցելու չէինք ընդունում։ Ես իմ նոր հասցեն թաքցրել էի բոլոր նախկին ծանոթներից, իսկ Դյուպենը վաղուց արդեն կտրել էր իր կապերը Փարիզի հետ, ասենք Փարիզն էլ նրան առանձնապես չէր հիշում։ Մենք ապրում էինք ներանձնացած, սոսկ ինքներս մեզ համար։

Իմ ընկերոջ ցնորական հակումներից մեկը (չգիտեմ ինչպես այն կոչեմ) նրա սիրահարվածությունն էր գիշերվան, և ես, գլուխս կախ, համակերպվեցի այդ և շատ ուրիշ նման bizarreriei[1]֊ների հետ, անձնատուր լինելով նրա քմայքներին: Քանի որ գիշերվա թխադեմ աստվածուհին պարբերաբար լքում էր մեզ, մենք սովորեցինք կեղծել նրա ներկայությունը։ Լույսը բացվելուն պես մենք փակում էինք բոլոր փեղկերը և մի քանի աղոտ ու թրթռուն լույս արձակող բուրավետ մոմ էինք վառում։ Սրանց լույսի տակ երազում էինք, կարդում, գրում կամ զրուցում, մինչև որ ժամացույցն ազդարարում էր իրական խավարի գալուստը։ Այդ ժամանակ մենք, ձեռք֊ձեռքի տված, տնից դուրս էինք գալիս, որպեսզի շարունակենք մեր ցերեկվա զրույցը, կամ թափառում էինք մինչև ուշ գիշեր, մեծ քաղաքի լույսերի խաղում փնտրելով այն անգերազանցելի հաճույքը, որը շնորհում է մտքին լուռ և խաղաղ հայեցողությունը։

Նման պահերին ես անկեղծորեն հիանում էի Դյուպենի վերլուծական յուրովի ընդունակություններով, չնայած գիտեի, որ նրա հայեցողական նկարագրից դժվար էր ուրիշ բան սպասելը։ Հավանաբար նա ինքն էլ մեծ հաճույք էր ստանում իր մտավարժություններից,

  1. Տարօրինակություն (ֆր.):