զգայուն շրթունքներով ու կարմիր բարեհոգի դեմքերով, ոմանք ժամանակին կարգին և նույնիսկ հիմա խնամքով խոզանակված հագուստներով, ճկուն ու ձիգ քայլվածքով, բայց սարսափելի գունատ դեմքերով, կատաղի կարմիր աչքերով ու դողդոջուն մատներով, որոնք կառչում էին ճանապարհին հանդիպած ամեն բանից։ Սրանցից բացի, պատահում էին նաև կարկանդակ վաճառողներ, բեռնակիրներ, ածխավաճառներ, ավլողներ, կապիկ խաղացնողներ, փողոցային երգիչներ ու նվագողներ, ամեն տեսակ քրջոտ մշակներ ու հոգնած արհեստավորներ, և այս ամենն այնքան աղմկոտ էր, անկանոն ու աշխույժ, որ ծանրաբեռնում էր աչքերն ու հոգնեցնում լսողությունը։
Գիշերն ընկնելուն պես տեսածիս հանդեպ իմ հետաքրքրությունն ավելի սրվեց, և դրա պատճառը ոչ միայն անցորդների փոխվող կազմն էր (օրինավոր մարդկանց հեռանալով ամբոխի առավել բարեկիրթ մասը նվազել էր, որից նրա կոպիտ ու բիրտ տարրերն ավելի էին ընդգծվել՝ գիշերն իր որջերից ամեն տեսակ տականք էր դուրս քաշում), այլև գազային լապտերները, որոնք, մեռնող օրվա հետ պայքարելով, սկզբում թույլ, իսկ հիմա պայծառ ու հեղեղուկ փայլ էին տվել փողոցին։ Ամեն ինչ մռայլ էր և միևնույն ժամանակ սքանչելի, ինչպես այն եբենոսը, որին նմանեցնում են Տերտուղիանոսի հանգը։
Լույսի արտասովոր խաղն ինձ դրդեց ուշադրություն դարձնել առանձին դեմքերին, և չնայած պատուհանի տակ անցնող հոսանքն այնքան արագ էր, որ թույլ չէր տալիս մեկից ավելի հայացք նետել ամեն դեմքին, իմ արտասովոր վիճակում ինձ թվում էր, որ այդ հայացքը հաճախ բավական էր լինում երկար տարիների պատմություն կարդալու համար։
Այդպես, ճակատս ապակուն սեղմած, ես զբաղվում էի ամբոխի ուսումնասիրությամբ, երբ հանկարծ աչքս ընկավ մի զառամյալ ծերունի, մոտ վաթսունհինգ-յոթանասուն տարեկան, որն ամբողջովին զավթեց իմ ուշադրությունն իր դեմքի անկրկնելի արտահայտությամբ։ Ես երբեք չէի տեսել մի բան, որը գեթ մոտավորապես հիշեցներ այդ արտահայտությունը և իսկույն մտածեցի, որ Ռետցը, եթե նա տեսած լիներ այդ դեմքը, անկասկած այն կնախընտրեր Չար Ոգու իր սեփական պատկերներին։ Մինչ ես փորձում էի կարգի բերել իմ առաջին տպավորությունները, մտքովս անցան անկապ ու տարիմաստ բնութագրումներ՝ հզոր բնականություն, զգուշավորություն, կծծիություն,