Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/123

Այս էջը հաստատված է

ագահություն, սառնասրտություն, նենգություն, արյունարբություն, չարախնդություն, զվարթություն, կատարյալ սարսափ ու անսահման, ծայր աստիճան ընկճվածություն։ «Ի՜նչ դաժան պատմություն կա դրոշմված այս սրտում»,— մտածեցի ես։ Ծերունին ինձ անչափ հետաքրքրեց ու գրավեց, համարյա կախարդեց։ Ես նրան հետևելու, ավելի շատ բան իմանալու անզուսպ ցանկություն ունեցա։ Հապճեպ հագնվելով, ճանկելով գլխարկն ու ձեռնափայտը, ես նետվեցի փողոց ու խրվեցի ամբոխի մեջ ծերունու անհետացած ուղղությամբ։ Որոշ դժվարությամբ վերջապես գտա նրան, մոտեցա և, այնպես, որ նա չնկատի, սկսեցի հետևել։

Այժմ ես լավ հնարավորություն ունեի հանգամանորեն ուսումնասիրել ծերունուն։ Նա կարճահասակ էր, արտակարգ նիհար և, հավանաբար, շատ տկար էր։ Նրա հագուստն ընդհանրապես քնձռոտ էր ու կեղտոտ, բայց երբեմն լույսի տակ երևացող թեկուզև ոչ թարմ շապիկն անկասկած ազնիվ կտավից էր կարված։ Բացի այդ, եթե տեսողությունս ինձ չէր խաբում, նրա ծայրից ծայր կոճկված հնամաշ թիկնոցի բացվածքում ես մի դաշույն և ադամանդ տեսա։ Այս դիտարկումներն ավելի սաստկացրին իմ հետաքրքրասիրությունը, և ես որոշեցի մինչև վերջ հետևել անծանոթին, ուր էլ որ նա գնար։

Արդեն բոլորովին մութ էր, քաղաքը պատվել էր թանձր ու խոնավ մշուշով, որին փոխարինեց երկար, տեղատարափ անձրևը։ Եղանակի փոփոխությունը զարմանալի ազդեցություն թողեց ամբոխի վրա, որն իսկույն իրար անցավ ու թաքնվեց հովանոցների մի ամբողջ անտառի տակ։ Եռուզեռը, հրմշտոցն ու ժխորը անմիջապես տասնապատկվեցին։ Ինչ վերաբերում է ինձ, ապա անձրևն առանձնապես ինձ չէր նեղում, իմ վաղեմի տենդը ինչ-որ տեղ նույնիսկ հաճելի էր դարձնում խոնավության վտանգը։ Բերանիս թաշկինակ կապելով, ես շարունակեցի ճանապարհը։ Ամբողջ կես ժամ ծերունին գնում էր պողոտայով, և ես, վախենալով նրան կորցնել, քայլում էի քիպ նրա կողքից։ Բարեբախտաբար նա ոչ մի անգամ շուռ չեկավ և չնկատեց ինձ։ Հետո մտավ նույնպես մարդաշատ, բայց ոչ նախկինի պես խճողված մի փողոց։ Այստեղ նա սկսեց քայլել ավելի դանդաղ և պակաս նպատակասլաց, կարծես տատանվելով։ Մի քանի անգամ առանց նկատելի առիթի անցավ փողոցի մյուս կողմը, և ամեն անգամ ես ստիպված էի ետ չմնալ, որովհետև շարժումը