Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/129

Այս էջը հաստատված է

բայց իմ այդ զգացումը թույլ էր և անկեղծ չէր։ Քիչ անց ես նորից բաց թողեցի սանձերս և գինու մեջ խեղդեցի իմ այդ անախորժ արարքի հիշողությունները։

Անցավ որոշ ժամանակ։ Կատվի վերքը կամաց-կամաց լավանում էր։ Ճիշտ է, դատարկ ակնախոռոչը սահմռկեցուցիչ տեսք ուներ, բայց ցավից նա կարծես էլ առաջվա պես չէր տառապում։ Նա սովորականի պես շրջում էր տանը, բայց, ինչպես և ակնկալվում էր, ինձ տեսնելուն պես սարսափահար փախչում էր։ Ես դեռ այնքան չէի փչացել, որպեսզի չվշտանայի ժամանակին ինձ այնքան սիրող էակի ակնհայտ թշնամությունից։ Բայց իմ ափսոսանքը շուտով փոխվեց ծայրաստիճան բարկության, իսկ հետո, ասես ինձ իմ վերջնական ու անվերադարձ վախճանին հասցնելու համար, իմ մեջ արթնացավ հակասության ոգին։ Փիլիսոփայությունը դեռևս չի անդրադարձել այդ ոգու հարցին։ Սակայն ես պատրաստ եմ ավելի շուտ կասկածանքի ենթարկել սեփական հոգուս գոյությունը, քան այն փաստը, որ հակառակվելը մարդու ամենահիմնական մղումներից մեկն է՝ այն առաջնային ու անքակտելի գործոնը, որը պայմանավորում է Մարդու բնույթը։ Չէ՞ որ մենք բազմիցս ստոր կամ հիմար արարքներ ենք գործում, իմանալով հանդերձ, որ այդպես չի կարելի, չէ՞ որ մենք, առողջ դատողությանը հակառակվելով, անընդհատ ձգտում ենք խախտել օրենքը, թեև քաջ գիտենք, որ այն խախտել չի կարելի։ Կրկնում եմ, հակասության ոգին տիրել էր ինձ և դեպի կործանում էր տանում։ Մարդկային հոգու այդ անըմբռնելի մոլությունը՝ ճնշել ինքն իրեն, բռնանալ իր սեփական էության վրա, չարիք գործել հանուն չարիքի, ստիպում էր ինձ շարունակել և իր ավարտին հասցնել կատվի, այդ անմեղ արարածի կեղեքման գործը։ Մի օր ես սառնասրտորեն թոկը գցեցի կատվի վիզը և նրան կախեցի ծառի ճյուղից։ Ես հեծկլտում էի, խիղճս տանջում էր ինձ. չէ՞ որ ես կախեցի նրան, որովհետև գիտեի, որ նա սիրում էր ինձ, ոչնչով չէր մեղանչել իմ առջև, չէ՞ որ նրան կախելով մեղք էի գործում, աններելի մեղք, որի պատճառով իմ անմահ հոգին, եթե դա հնարավոր լիներ, անկասկած կզրկվեր ամենաողորմած և ամենազոր տիրոջ անհուն գթությունից։

Ոճրագործությանս հաջորդող գիշերը ես արթնացա «հրդե՜հ» գոռոցից։ Մահճակալս այրվում էր։ Ամբողջ տունը կրակի մեջ էր։ Ես, կինս և աղախինը հազիվ փրկվեցինք, մեծ դժվարությամբ