անկեղծորեն խոստովանելով, որ շատ է սիրում գործի դնել, եթե ոչ ցուցադրել, իր այդ ձիրքը։ Հաճախ նա քմծիծաղ տալով պարծենում էր, թե մարդիկ իր համար ոչ մի գաղտնիք չեն ներկայացնում, և իսկույն հաստատում էր իր ասածը, ապշեցուցիչ փաստեր վկայակոչելով իմ ներաշխարհից: Այսպիսի պահերին նա սառն ու վերացական տեսք էր ընդունում, աչքերն անորոշ արտահայտություն էին ստանում, իսկ թավ և հյութեղ ձայնը ճչան էր դառնում ու թերևս անբնական թվար, եթե չլիներ նրա խոսքի հստակ առոգանությունն ու շրջահայաց տոնը։ Նրան այդ վիճակում տեսնելիս՝ ես հաճախ հիշում էի Երկփեղկված հոգու հինավուրց ուսմունքը, և երկու Դյուպեն էի պատկերացնում՝ արարող և տարալուծող։
Թող ձեզ չթվա, թե ես ուզում եմ իմ ընկերոջից ինչ֊որ առեղծված կամ հեքիաթ սարքել։ Ֆրանսիացի բարեկամիս վերը հիշատակված գծերը պարզապես գերզգայուն կամ, եթե կուզեք, անառողջ բանականության դրսևորումներ են։ Բայց նրա մտածելակերպի մասին լավագույն պատկերացում կարող է տալ միայն հետևյալ օրինակը։
Մի օր երեկոյան մենք զբոսնում էինք Պալե Ռոյալի մոտակայքում գտնվող արտակարգ երկար ու կեղտոտ մի փողոցով: Երկուսս էլ մտազբաղ էինք և առնվազն քառորդ ժամ ոչինչ չէինք խոսել։ Հանկարծ Դյուպենն ասաց.
— Հիրավի այդ խլեզն ավելի կսազեր Théâtre des Variétés֊ին:
— Իսկապես որ,— ակամա պատասխանեցի ես, ուշացումով նկատելով, թե նա ինչքան դիպուկ արտահայտեց իմ սեփական միտքը։ Ես դժվարությամբ ուշքի եկա զարմանքից ու լրջորեն հարցրի.
— Դյուպեն, դա արդեն իմ հասկացությունից վեր է: Ես ապշած եմ և, ճիշտն ասած, քիչ է մնում կասկածի ենթարկեմ լսածս։ Ինչպե՞ս իմացաք, որ ես մտածում էի հենց...— այստեղ ես կանգ առա, որպեսզի համոզվեմ, որ իսկապես չեմ սխալվել։
— Շանտիլյիի մասին,— ավարտեց նա,— ինչո՞ւ ընդհատեցիք։ Դուք մտածում էիք, որ նրա վտիտ ու դյուրակազմ մարմինը ողբերգակին բոլորովին սազական չէ։
Իսկապես, ես հենց այդ էի մտածում։ Շանտիլյին Սեն Դընի