Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/132

Այս էջը հաստատված է

ամեն քայլին։ Երբ ես նստում էի, նա կծկվում էր ոտքերիս մոտ, կամ, որն ավելի վատ էր, թռչում էր ծնկներիս և սկսում իր սահմռկեցուցիչ խաղերը։ Երբ ես վեր էի կենում, նա ընկնում էր ոտքերիս տակ և քիչ էր մնում ինձ վայր գցեր, և կամ իր երկար ճանկերով կառչում էր կրծքիցս։ Այդպիսի պահերին ես քիչ էր մնում նրա վիզը պոկեի, բայց ինձ զսպում էր նախորդ հանցանքիս հիշողությունը, իսկ մասամբ էլ, ինչ մեղքս թաքցնեմ, վախը։

Այդ վախը ոճրագործության վախ չէր, բայց և այնպես ես դժվարանում եմ այն այլ կերպ բնութագրել։ Նույնիսկ այստեղ, զնդանում, ես ամաչում եմ խոստովանել, որ այդ անասունի ինձ ներշնչած վախը ոգեկոչված էր մի տեսիլքով, որից ավելի չնչինը դժվար է նույնիսկ պատկերացնել։ Կինս ինձ բազմիցս մատնացույց էր արել կատվի կրծքի սպիտակ բիծը՝ միակ բանը, որ տարբերում էր նրան իմ խոշտանգած կատվից։ Եթե հիշում եք, այդ բիծը սկզբում որոշակի ձև չուներ, սակայն հետագայում, աննշմարելի փոփոխություններից հետո, որոնք ես երևակայության խաղ էի համարում, ստացավ իր այժմյան անողոք ու որոշակի ուրվագիծը։ Այն պատկերում էր մի առարկա, որը ես անկարող եմ անվանել առանց սարսուռի... Ես վաղուց ոչնչացրած կլինեի այդ հրեշին և այդ բիծը, եթե համարձակվեի, որովհետև այն զազրելի, նողկալի մի բան էր պատկերում՝ ԿԱԽԱՂԱ՛Ն, սարսափի ու հատուցման, հոգեվարքի ու Մահվան գործիքը։

Ամենաճղճիմ և ամենից ողորմելի մահկանացուն եմ ես այս աշխարհում։ Մի անբան արարած, որի ընկերոջը ես արհամարհանքով ոչնչացրի, մի չնչին անասուն ինձ, որին աստված ստեղծել է իր իսկ օրինակով, հասցներ այս վիճակի՞ն... Ավա՜ղ... Ես գիշեր-ցերեկ այլևս հանգիստ չունեի։ Ցերեկը նա ամենուր հետապնդում էր ինձ, գիշերը ես սարսափահար վեր էի թռչում, իմ դեմքին մղձավանջիս շարունակության պես զգալով այդ ճիվաղի տաք շունչը։

Այս տառապանքներն իմ սրտից քամեցին լավի ու բարության վերջին կաթիլը։ Այսուհետև միայն չար, մութ և նենգ մտքերն էին ինձ տիրում։ Իմ սովորական քինոտությունն իր տեղը զիջել էր ամենքին և ամեն ինչի հանդեպ տածած անհուն ատելությանը, որի մշտական, անզուսպ և հանկարծակի պոռթկումների զոհը, ավա՜ղ, դարձավ նաև իմ խեղճ կինը։