որ ես հաստատ որոշել էի նրա վերջը տալ։ Եթե նա այդ պահին ձեռքիս տակն ընկներ, իր բախտը որոշված կլիներ, բայց խորամանկ կենդանին, իմ վայրենի պոռթկումը տեսնելով, ճիշտ հետևություններ էր արել և որոշել էր աչքիս չերևալ։ Անհնար էր նկարագրել, թե ինչպիսի խորը և երանելի թեթևություն զգացի այդ ատելի կենդանու բացակայությունից։ Կատուն չհայտնվեց նաև գիշերը, և դա միակ գիշերն էր, երբ ես հանգիստ ու խաղաղ քնեցի, չնայած սպանություն էի գործել։
Անցավ ևս երկու օր, որի ընթացքում իմ հոգեառը դարձյալ չերևաց։ Վերջապես ես կարող էի ազատ շունչ քաշել։ Սարսափած ճիվաղը հավիտյան լքել էր իմ տունը և ես նրան այլևս չէի տեսնելու։ Երջանկությունս սահման չուներ, խղճի խայթերն ինձ համարյա չէին անհանգստացնում։ Ինձ, իհարկե, հարցուփորձ էին անում, բայց ես հանգիստ պատասխանում էի բոլոր հարցերին։ Ոստիկանական հետաքննությունը ոչ մի արդյունք չտվեց, և ես այլևս ապագայիս համար անհանգստանալու առիթ չունեի։
Դեպքի չորրորդ օրը մի խումբ ոստիկաններ անսպասելիորեն եկան տունը խուզարկելու։ Ես բոլորովին հանգիստ էի, քանի որ իմ թաքստոցը հնարավոր չէր գտնել։ Ոստիկանները խնդրեցին, որպեսզի ես նրանց ուղեկցեմ։ Նրանք խուզարկեցին ամեն ծակ ու ծուկ և վերջապես, երրորդ թե չորրորդ անգամ, իջան նկուղ։ Ես բոլորովին չէի հուզվում, սիրտս հանգիստ էր խփում, անմեղ քնով քնած մարդու սրտի նման։ Ձեռքերս կրծքիս խաչած, ես հանգիստ քայլում էի նկուղում։ Ոստիկանները բավարարված էին և պատրաստվում էին հեռանալ։ Ես ցնծում էի, այրվում գեթ մի բառ ասելու ցանկությունից, որպեսզի ընդգծեմ իմ անմեղությունն ու ամրապնդեմ հաղթանակս։
— Պարոնայք,— ասացի ես վերջապես, երբ նրանք արդեն աստիճանների վրա էին,— ուրախ եմ, որ ձեր կասկածները չարդարացան։ Ցանկանում եմ, որ դուք լինեք առողջ և մի քիչ ավելի քաղաքավարի։ Ի միջի այլոց, պարոնայք, սա... սա շատ լավ տուն է (անմիջական թվալու ցանկությունից ինքս էլ չգիտեի, թե ինչ եմ դուրս տալիս), ես կասեի նույնիսկ գերազանց տուն է։ Այս պատերը,— դուք արդեն գնո՞ւմ եք,— պարոնայք, սրանք բացառիկ ամուր պատեր են։— Այստեղ ես հոխորտալով պատահմամբ ձեռքս ընկած փայտը ուժգին խփեցի պատի հենց այն մասին, որի ետևում դրված էր կնոջս դիակը։