Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/135

Այս էջը հաստատված է

Աստվա՜ծ իմ, պահպանիր ու փրկիր ինձ Սադայելի ճանկերից։ Հարվածիս արձագանքը դեռ չմարած, գերեզմանից լսվեց մի ահավոր ճիչ... Սկզբում մանկան հեծկլտոցի պես խեղդված ու ընդհատվող, այդ ճիչն արագ վերածվեց երկար, բարձր ու անմարդկային մի ոռնոցի, կես սարսափի ու կես ցնծության, ոռնոցի, որը կարող էր լսվել միայն դժոխքից, ուր նզովյալների ողբը ձուլվում է նրանց տանջող դևերի վայնասունին։

Թե ինչ էի մտածում այդ պահին, անհնար ու անիմաստ է պատմել։ Ուժերս բոլորովին սպառվել էին, և ես անզոր հենվել էի դիմացի պատին։ Ոստիկանները քարացած կանգնել էին աստիճանների վրա։ Հաջորդ պահին տասներկու պինդ ձեռք արդեն քանդում էին պատը, որը շուտով փլվեց։ Լերդացած արյունով պատած ու կիսով չափ փտած դիակը ցցված էր մեր առջև։ Նրա գլխին, արյունոտ երախը բաց և կրակի պես վառվող իր միակ աչքն ինձ հառած, նստել էր այդ գարշելի կենդանին, որի նենգությունն ինձ ոճրագործության դուռը բերեց, իսկ մատնիչ ճիչը՝ հանձնեց դահիճների ձեռքը։ Ես այդ հրեշին, դիակի հետ մեկտեղ փակել էի պատի մեջ։