- Եվ դրանում է անվախճան կամքը, որի խորհուրդը և զորությունն անկարելի է ճանաչել։ Վասնզի Աստվածն ինքը գերագույն կամք է, որն իր նախասահմանված էությամբ արդարև տոգորում է ամեն բան։ Մարդ արարածը երբեք լիովին անձնատուր չէր լինի ոչ հրեշտակներին, և ոչ էյ մահվանը, եթե չլիներ իր տկար կամքի անզորությունը։
Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, թե ինչպես, երբ կամ նույնիսկ որտեղ ծանոթացա լեյդի Լիգեյային։ Աչդ օրվանից երկար տարիներ են անցել, և իմ հիշողությունն անթիվ տառապանքներից ջլատվել է։ Թերևս ես չեմ հիշում այդ ամենը նաև այն պատճառով, որ ժամանակին իմ սիրելիի բնավորությունը, բացառիկ կրթվածությունը, եզակի ու հեզ արտաքինը ու մեղեդային մեղմ ձայնի թովիչ ու գերող ելևէջները աստիճանաբար ու աննկատ են թափանցել իմ սիրտը։ Բայց և այնպես ինձ թվում է, թե ես առաջին անգամ և ամենից հաճախ նրան տեսել եմ Հռենոսի ափին գտնվող մի հին, մեծ ու խարխուլ քաղաքում։ Իր ընտանիքի մասին... Դե, իհարկե, նա ինձ պատմել է։ Կասկած չկա, որ նրա տոհմը դարերի խորքից է գալիս։ Լիգե՜յա։ Լիգե՜յա։ Իմ զբաղմունքների բնույթն ամենից առավել նպաստում է աշխարհիկ հուշերի բթացմանը, և լոկ այդ քաղցր անունը՝ Լիգեյա, կարող է աչքերիս առաջ բերել կերպարը նրա, ով, ավա՜ղ, այլևս չկա։ Եվ այժմ, այս տողերը գրելիս, ես հանկարծ հիշեցի, որ երբեք չեմ իմացել ազգանունը նրա, ով իմ հարսնացուն էր և ընկերը, իմ պարապմունքների մասնակիցը, իսկ ապա նաև՝ իմ պաշտելի ամուսինը։ Թերևս Լիգեյան կատակ էր անում, կամ պարզապես իմ նվիրվածությունն էր փորձում, բայց ես պարտավոր էի երբեք չհարցնել այդ անունը։ Գուցե դա նույնիսկ իմ սեփական քմահաճույքն էր՝ իմ ռոմանտիկ նվիրաբերությունը աշխարհիս ամենից կրքոտ պաշտամունքի զոհասեղանին։ Ինչ էլ որ լինի, ես աղոտ եմ հիշում նույնիսկ բուն փաստը, ուր մնաց թե այն ծնող կամ նրան ուղեկցող հանգամանքները։ Եվ իրոք, եթե խանդաղատանքի ոգին, եթե կռապաշտ եգիպտացիների դժխեմ Աշտոֆետ աստվածուհին իր միգախառն