թևերով իսկապես գուժում է ճակատագրական ամուսնությունների օրերին, ապա նա, անկասկած, ներկա էր նաև իմ հարսնահանդեսին։
Սակայն ինձ համար շատ թանկ մի հարցում հիշողությունս ինձ չի դավաճանել։ Ես լավ եմ հիշում Լիգեյայի կերպարը։ Նա բարձրահասակ էր, նրբակազմ, իսկ իր կյանքի վերջին օրերին՝ նույնիսկ հյուծված։ Ապարդյուն կլիներ նկարագրել, թե որքան վեհ ու անբռնազբոսիկ կեցվածք ուներ նա, ինչքան ճկուն ու թեթև էր ճեմում։ Նա հայտնվում ու հեռանում էր ստվերի պես։ Երբ նա մտնում էր իմ մեկուսի աշխատասենյակը, ես նրա ներկայությունը զգում էի միայն իր քաղցր մեղեդային ձայնից ու մարմարե ձեռքի հպումից։ Ոչ մի կին չէր կարող իր դեմքի գեղեցկությամբ երբևէ համեմատվել Լիգեյայի հետ։ Նրա դեմքը ողողված էր ափիոնից ներշնչված անուրջներին հատուկ եթերային մի փայլով, որն իր վեհությամբ գերազանցում էր նույնիսկ Դելոսի դուստրերի հոգին պարուրած չքնաղ երազներին։ Չնայած դրան, Լիգեյայի դիմագծերը զուրկ էին այն կանոնակազմությունից, որ մեզ սովորեցրել են պաշտել հեթանոսական շրջանի դասական կերտվածքներում։ «Կատարյալ նրբագեղությունը,— գեղեցիկի բոլոր ձևերի ու սեռերի մասին խոսելիս նկատել է Վերուլամի լորդ Բեկոնը ,— անհնար է պատկերացնել առանց համաչափությունների որոշակի տարօրինակության»։ Ու թեպետ ես տեսնում էի, որ Լիգեյայի արտաքինը զուրկ է դասական կանոնավորությունից, թեպետ նա հիրավի «նրբագեղ» էր ու «տարօրինակությամբ» լեցուն, այնուհանդերձ անկարող էի մատնանշել, թե ինչն էր նրա մեջ այդքան անսովոր։ Լիգեյայի լայն և գունատ ճակատն անբասիր էր (որքան սա՜ռն է հնչում այս բառը նրա աստվածային վեհության նկատմամբ) և իր գույնով կարող էր մրցել ամենից ազնիվ փղոսկրի հետ։ Նրա անխռով և տիրատենչ ճակատը քունքերից վեր փոքր֊ինչ լայնանում և ծածկվում էր հիասքանչ սևորակ մազերի շողշողուն խոպոպներով, որոնք ակամա հիշեցնում էին Հոմերոսի «հակինթյա» մակդիրը։ Միայն եբրայական մեհեվանդների պատկերներն ունեն քթի այնպիսի նրբին ուրվագիծ, ինչպիսին Լիգեյայինն էր՝ նույն փարթամ ողորկությունը, հազիվ նշմարելի արծվակերպությանը և ոգու ազատություն վկայող ռունգների ներդաշնակ կամարները։ Ես հիանում էի Լիգեյայի դյութիչ բերանով. այն արդարև աստվածային կատարելության գագաթնակետն