Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/138

Այս էջը հաստատված է

էր՝ փոքրիկ վերին շուրթի սքանչելի կորությունը, ստորինի նիրհող քնքշությունը, կայտառ փոսիկները, խոսուն գույները, և վերջապես, ատամները, որոնք խրտնեցնող փայլով վերադարձնում էին լույսի շողերն ամեն անգամ, երբ Լիգեյան ժպտում էր։ Ես զմայլվում էի նրա կզակի չքնաղ կազմությամբ, վսեմությամբ ու շնչավորությամբ՝ այդպիսի օրինակ լոկ Ապոլոնը, և այն էլ քնի մեջ, ցույց էր տվել աթենացու որդի Քլեոմենեսին։ Այնուհետև ես նայում ու զմայլվում էի Լիգեյայի խոշոր աչքերով։

Հին դարերից աչքերի դասական օրինակ մեզ չի հասել։ Թերևս իմ սիրելու հենց աչքերն էին թաքցնում այն գաղտնիքը, որին անդրադարձել է Վերուլամի լորդը։ Համենայն դեպս, ինձ թվում էր, թե նրանք սովորական մարդկային աչքերից շատ ավելի մեծ են և նույնիսկ ավելի լիածիր, քան Նուրջահադի հովտում բնակվող ցեղի կանանց՝ եղնիկի աչքերին նմանվող աչքերը։ Լիգեյայի աչքերի այդ առանձնահատկությունը երևում էր շատ հազվադեպ, միայն կատարյալ հափշտակվածության պահերին։ Այդպիսի պահերին ինձ թվում էր (թեև դա կարող էր նաև իմ բորբոքված երևակայության արդյունքը լինել), որ նրա գեղեցկությունը երկնային, համենայն դեպս, ոչ հողեղեն բնույթ է ստանում, նման թուրքերի առասպելական հուրիներին։ Լիգեյայի շլացուցիչ սև աչքերի վրա եբենոսյա, անհավատալիորեն երկար թարթիչներ էին կախված։ Նրա փոքր֊ինչ անկանոն կամարված հոնքերը նույն գույնն ունեին։ Բայց Լիգեյայի աչքերի «տարօրինակությունը» ոչ թե նրանց ձևի, գույնի կամ պայծառության մեջ էր, այլ անկրկնելի արտահայտության։ Անիմա՜ստ բառ, որի հնչեղությամբ մենք փորձում ենք քողարկել մարդկային հոգու ճանաչման մեր կատարյալ անկարողությունը։ Լիգեյայի աչքերի արտահայտությո՜ւնը... Քանի՜֊քանի ժամ եմ խորհել այդ մասին... Ամառային մի ամբողջ գիշեր ես ապարդյուն փորձում էի գուշակել այդ արտահայտության խորհուրդը։ Ի՞նչ էր թաքնված այնտեղ, իմ սիրելու բիբերի ընդերքում, որ Դեմոկրիտի ջրհորից էլ խորն էին։ Ի՞նչ էր դա։ Ինձ այրում էր այդ գաղտնիքն իմանալու մորմոքը։ Լիգեյայի աչքե՜րը... Նրա խոշո՜ր, փայլուն, երկնայի՛ն աչքերը։ Նրանք ինձ համար Լեդայի զույգ աստղերը դարձան, իսկ ես՝ ամենից նվիրված աստղագուշակը։

Մարդկային բանականությամբ զբաղվող գիտության բազմաթիվ