Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/141

Այս էջը հաստատված է

տեսնում էի այն երկար ու սքանչելի ուղին, որով դեռ ոչ ոք չէր անցել, և որը պիտի ինձ հասցներ աստվածային իմացության՝ բաց լինելու համար չափից ավելի բաղձալի դռանը։

Որքա՜ն խորը պիտի լիներ, ուրեմն, իմ վիշտը, երբ տարիներ անց ես տեսա, թե ինչպես իմ արդար սպասումները թևեր առան ու անվերադարձ չվեցին֊կորան։ Առանց Լիգեյայի ես նման էի խավարի մեջ խարխափող մի մանկան։ Նրա ընթերցումները, սոսկ նրա ներկայությունը բավական էին, որպեսզի մեզ գերող տրանսցենդենտալ գաղտնիքներըi ողողվեին պայծառ ու սքանչելի լույսով։ Լիգեյայի վառվռուն աչքերի շնորհիվ իմ գրքերի ոսկեփայլ ու շողշողուն երևացող տառերն այժմ ավելի խամրած էին, քան Սատուրնի արճիճը։ Իսկ նրա աչքերն ավելի ու ավելի հազվադեպ էին նայում այն էջերին, որոնք ես կարդում էի։ Լիգեյան հիվանդացել էր։ Նրա մոլեգին հայացքը դարձել էր չափից ավելի բոցաշունչ, դալուկ մատները գերեզմանային երանգ էին ստացել, իսկ ճակատի երկնագույն երակները սկսել էին թրթռալ նույնիսկ ամենաչնչին ապրումից։ Ես հասկանում էի, որ նա պիտի մեռնի, և իմ հոգին անհաշտ պայքարի էր բռնվել խոժոռ Ազրաելիii հետ։ Ինձ ապշեցնում էր, որ իմ քնքուշ կինը ինձնից ավելի կրքոտ ու կատաղի էր պայքարում նրա դեմ։ Լիգեյայի զուսպ նկարագիրն ինձ համոզել էր, որ մահը նրա համար պիտի որ սարսափելի չլիներ, բայց պարզվեց, որ ես սխալվել էի։ Անկարելի է խոսքերով նկարագրել, թե ինչպիսի մոլեգնությամբ էր նա պայքարում մահվան ստվերի դեմ։ Սիրտս մղկտում էր այդ սոսկալի տեսարանից։ Ես կփորձեի մխիթարել, սրտապնդել նրան, բայց խոսքերն ավելի քան անիմաստ էին կյանքի, միայն կյանքի նրա վիթխարի տենչանքի կողքին։ Եվ այնուհանդերձ մինչև վերջին պահը, նույնիսկ իր ալեկոծված հոգու տվայտանքների մեջ, Լիգեյայի արտաքին անխռովությունը նրան չէր դավաճանել։ Նրա ձայնն ավելի մեղմ էր դարձել, բայց ես չէի ցանկանա մեկնաբանել նրա արտասանած բառերի խելահեղ իմաստը։ Ես խելքս կորցնում էի, ունկնդրելով այդ կախարդական մեղեդին, լսելով մահկանացուներին մինչ այդ անճանաչ իղձերն ու բաղձանքները։

Ես չէի կասկածում, որ նա ինձ սիրում է, և ինձ համար դժվար չէր հասկանալ, որ իր խռովահույզ հոգում սերը չէր կարող շարքային մի զգացմունք լինել։ Սակայն միայն Լիգեյայի մահից հետո ես իսկապես գաղափար կազմեցի նրա կրքի սաստկության