այստեղ չեմ հիշատակի։ Շինության մռայլ տեսքը, շրջապատի վայրի տեսարանը և այդ ամենի հետ կապված հինավուրց ու տխուր ավանդությունները համահնչուն էին այն հուսակտուր տրամադրությանը, որն ինձ դրդել էր հանգրվանել հեռավոր ու անմարդաբնակ այդ վայրում։ Ու թեև վանատան արտաքին մամռակալած տեսքը մնացել էր անփոփոխ, բայց ներսը, երեխայի հատուկ ներհակությամբ, կամ թերևս անամոք վիշտս սփոփելու անմիտ հույսեր տածելով, ես կահավորել էի ավելի քան արքայական շուքով։ Ես մանկուց արդեն հակում ունեի նման քմահաճությունների հանդեպ, և իմ այդ արարքը թերևս վկայում էր, որ վիշտն ինձ նորից դեպի մանկությունն է մղում։ Ավաղ, ես նոր եմ հասկանում, թե որքան արդեն սկզբնավորվող խենթություն կար իմ ընտրած փարթամ ու քմահաճ պաստառ ներում, խելացնոր քիվերի, կահույքի և թավ ոսկեփայլ գորգերի ցնորամիտ զարդանախշերի մեջ։ Միաժամանակ ես դարձել էի նաև ափիոնի հլու֊հնազանդ գերին, և դրանից իմ ամբողջ աշխատանքն ու հրամանները երազների գունավորում էին ստացել։ Սակայն ի՞նչ կարիք կա նկարագրել այդ անհեթեթությունները։ Ես ձեզ կպատմեմ միայն այ ն հավերժ անիծյալ սենյակի մասին, որտեղ, ուղեղի մթագնման պահին, որպես իմ կին, որպես անմոռանալի Լիգեյայի փոխանորդ, ես եկեղեցուց ուղեկցեցի ոսկեհեր ու կապուտաչյա լեյդի Ռովենա Թրեվանյոնին, Թրեմեյնից։
Այդ առագաստի յուրաքանչյուր մանրամասնություն այժմ կարծես աչքիս առաջ լինի։ Ի՞նչ էին մտածում հարսնացուի գոռոզ ազգականները, երբ, ոսկու փայլով շլացած, թույլ տվեցին իրենց անմեղ աղջկան մտնել այդ ձևով հարդարված մի սենյակ։ Ես ասացի, որ լավ հիշում եմ այդ առագաստի բոլոր մանրուքները, թեև արդեն մոռացել եմ շատ ավելի կարևոր բաներ, իսկ սենյակի խառնաշփոթ հարդարանքի մեջ չկար ոչ մի կարգ կամ սիստեմ, որ հիշողության համար նեցուկ հանդիսանար։ Այդ հսկայական հնգանկյուն սենյակը գտնվում էր իմ ամրոցատիպ վանատան բարձր աշտարակներից մեկում։ Հնգանկյան ամբողջ հարավային պատը զբաղեցնում էր սենյակի միակ լուսամուտը՝ վենետիկյան արճճագույն ապակու ամբողջական մի կտոր, որից անցնելով, թե՛ արևի, թե։ լուսնի շողերն ահարկու փայլ էին չտալիս ներսի առարկաներին։ Այդ հսկայական պատուհանի վերևի մասը ծածկված էր աշտարակի ստվար պատերով վեր