Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/19

Այս էջը հաստատված է

թե տղամարդ էր, գուցեև կին էր: Իտալերեն չգիտի, բառերը չի ջոկել, բայց ձայնի ելևէջներից դատելով գտնում է, որ խոսողն իտալացի էր: Տիկին Լեպանեին և դստերը ծանոթ է, բազմիցս զրուցել է երկուսի հետ էլ։ Համոզված է, որ ճղճղան ձայնը նրանցից ոչ մեկին չի պատկանում։

Օդենհայմեր, ռեստորանատեր, ինքն է ցանկացել ցուցմունք տալ: Ֆրանսերեն չի խոսում, ցուցմունքը տվել է թարգմանչի միջոցով։ Ամստերդամցի է։ Տան կողքով անցնելիս ճիչեր է լսել: Ճչացել են երկար ու ձիգ, գուցե նույնիսկ տասը րոպե։ Զարհուրելի ճիչեր են եղել: Ինքն էլ է տուն մտել: Հաստատում է նախորդ ցուցմունքները, բացի մի կետից՝ ճղճղան ձայնով տղամարդը ֆրանսերեն էր խոսում: Բառերը չի տարբերել՝ խոսում էին շատ արագ, վրա տալով, ասես վախեցած կամ վրդովված լինեին: Ձայնը ավելի շուտ խռպոտ է եղել, քան ճղճղան: Չէր ասի, թե ճղճղան էր։ Թավ ձայնը մի քանի անգամ կրկնել է sacré, diable, և մեկ անգամ էլ՝ mon Dieu[1]:

Ժյուլ Մինյո, բանկիր, Դելորեն փողոցի «Մինյո և որդիք» ընկերության ավագ փայատեր։ Տիկին Լեպանեն բանկում որոշ դրամագլուխ ունեցել է: Հաշիվը բացել է ութ տարի առաջ, գարնանը, և պարբերաբար փոքր գումարներ է ներդրել։ Ոչ մի անգամ փող չի վերցրել, բայց մահից երեք օր առաջ անձամբ չորս հազար ֆրանկ է պահանջել: Ամբողջ գումարը վճարվել է ոսկով և բանկի աշխատողի միջոցով տուն է տարվել։ Ադոլֆ Լըբոն — բանկի ծառայող։ Վկայում է, որ նշանակված օրը կեսօրին տիկին Լեպանեին ուղեկցել է տուն, երկու քսակի մեջ տանելով չորս հազար ֆրանկ։ Օրիորդ Լեպանեն, դուռը բացելով, վերցրել է քսակներից մեկը, իսկ մյուսը վերցրել է նրա մայրը։ Այնուհետև վկան հրաժեշտ է տվել և հեռացել։ Դրսում ոչ ոքի չի հանդիպել, փողոցը խաղաղ էր ու ամայի։

Ուիլյամ Բըրդ, դերձակ: Վկայում է, որ մյուսների հետ տուն է մտել։ Անգլիացի է։ Փարիզում ապրում է ընդամենը երկու տարի։ Լսել է վիճաբանության աղմուկը: Թավ ձայնով խոսողը ֆրանսիացի էր։ Զանազանել է որոշ բառեր, բայց բոլորը չի հիշում։ Պարզ լսել է sacré և mon Dieu բառերը։ Հրմշտոցի, քաշքշուկի աղմուկ է լսել, ասես մի քանի հոգի կռվելիս են եղել: Ճղճղան ձայնը շատ բարձր էր, ավելի բարձր, քան թավը։ Համոզված է,

  1. Աստվա՜ծ իմ (ֆր.)