չունի, որով հանցագործները կարողանային փախչել: Օրիորդ Լեպանեի մարմինն այնքան պինդ էր խցանել ծխնելույզը, որ այն կարողացան քաշել ու դուրս հանել միայն հինգ հոգով։
Պոլ Դյումա, բժիշկ։ Վկայում է, որ կեսօրին իրեն կանչել են դիազննության։ Երկու դիակն էլ դրված են եղել ննջարանից բերված հին ներքնակի վրա։ Երիտասարդ կնոջ մարմինը նեղ ծխնելույզը խցկելուց ամբողջովին քերծված էր ու պլոկված: Հատկապես տուժել էր վիզը, կոկորդի վրա մի շարք թանաքագույն քերծվածքներ ու բծեր կային, որոնք ըստ երևույթին հանցագործի մատների հետքերն էին։ Դեմքն այլանդակված էր, աչքերը դուրս պրծած։ Լեզուն կեսից համարյա կծված, կտրված էր։ Պորտի մոտ արյան մի մեծ զեղում կար, որը վկայում էր, որ այդտեղ ծնկով սեղմել են: Ըստ մսյո Դյումայի, օրիորդ Լեպանեին խեղդել էին մեկ կամ մի քանի հանցագործ։ Մոր մարմինը հրեշավոր ձևով խեղանդամված էր։ Աջ ձեռքի և ոտքի բոլոր ոսկորները տեղահան էին արված: Ձախ tibia[1]֊ն, ինչպես նաև ձախ կողմի կողերը փշրված էին: Ամբողջ մարմինը ծածկված էր սոսկալի կապտուկներով ու ճանկռվածքներով: Բժիշկը դժվարանում է ասել, թե ինչով էին հասցված այդ վնասվածքները: Մահակ, աթոռի ոտք, ցանկացած ծանր, բութ առարկա հաղթանդամ մարդու ձեռքին կարող էր հանցագործության գործիք ծառայել: Ոչ մի կին չէր կարող այդպիսի վնասվածքներ պատճառած լինել: Վկան դիակի գլուխը տեսել էր արդեն անջատված վիճակում։ Այն նույնպես ծայր աստիճան այլանդակված է եղել: Կոկորդն ըստ երևույթին կտրվել է ինչ֊որ սուր գործիքով, թերևս ածելիով։
Ալեքսանդր Էտյեն, վիրաբույժ։ Հանցագործության վայր է ժամանել մսյո Դյումայի հետ: Լիովին համամիտ է մսյո Դյումայի ցուցմունքներին և եզրահանգումներին։
Թեև հարցաքննվել են նաև այլ անձինք, ուրիշ ոչ մի տեղեկություն չի ստացվել: Փարիզում դեռ երբեք այդքան առեղծվածային, դաժան ու անհասկանալի սպանություն չի կատարվել, եթե դա, իհարկե, սպանություն է։ Նման դեպքերում սովորաբար որոշակի քայլերի դիմող ոստիկանությունն այս անգամ չգիտի, թե ինչ անի: Հետաքննության հնարավոր ուղղության նշույլ անգամ չկա:
- ↑ Սրունքի ոսկորը (լատ)։