եմ, որ ամենից էական հարցերում այն ավելի շուտ մակերեսին է գտնվում։ Մենք նրան փնտրում ենք ձորերում, իսկ նա մեզ սպասում է լեռան գագաթին։ Այդ տարածված մոլորության բնույթը կարելի է հեշտությամբ լուսաբանել երկնային մարմինների օրինակով։ Թռուցիկ մի հայացքով նայելով աստղին՝ մենք այն ավելի հստակ ու պարզ կտեսնենք, քան ուշադիր ու երկար նայելու դեպքում։ Պատճառն այն է, որ անցողիկ, աչքի ծայրով նայելիս, մենք գործածում ենք ցանցաթաղանթի դրսի եզրը, որն ավելի զգայուն է լույսի հանդեպ, քան կենտրոնը, իսկ ուղիղ նայելու դեպքում այդ առավելությունը կորչում է, ինչպես կորչում է նաև աստղի փայլը։ Վերջին դեպքում աչքն ավելի շատ լույս է ստանում, քան առաջ, բայց նրա ընկալունակությունը նույնքան անգամ պակասում է։ Խորանալու մղումը ծայրահեղության հասցնելով՝ մենք կորցնում ենք մտքի պարզությունը, այնպես որ, չափից դուրս ուշիմ հայացքը կարող է երկնքից ջնջել նույնիսկ Վեներան։
Ինչ վերաբերում է սպանություններին, ապա առաջարկում եմ ինքնուրույն հետազոտություն սկսել, որպեսզի նյութ ստանանք հետևություններ անելու համար։ Այդ հետաքննությունը մեզ բավական հաճույք կպատճառի («հաճույք» բառն ինձ դուր չեկավ, բայց ես լռեցի), բացի այդ, Լըբոնն ինձ ժամանակին մեծ լավություն է արել, և ես վերջապես առիթ կունենամ նրան երախտահատույց լինել։ Պետք է գնալ և ամեն ինչ տեսնել անձամբ։ Ոստիկանապետ Գ֊ն ինձ ճանաչում է, և կարծում եմ, չի հրաժարվի մեզ թույլտվություն տալ։
Ոստիկանապետն իրոք չմերժեց, և մենք իսկույն ուղևորվեցինք Մորգ փողոցը։ Պարզվեց, որ դա Ռիշելյո և Սեն Ռոկ փողոցները միացնող մի քնձռոտ նրբանցք է։ Մենք ապրում էինք քաղաքի հակառակ ծայրում և, տեղ հասանք միայն երեկոյան դեմ, բայց իսկույն գտանք տունը, քանի որ անբանների մի խումբ դիմացի մայթից դեռևս աննպատակ նայում էր փակ փեղկերին։ Շենքը ոչնչով աչքի չէր ընկնում, սովորական դուռ ուներ, որի կողքին փոքրիկ պատուհանով ապակեպատ մի տնակ կար, այսպես կոչված loge de concierge[1]: Առանց ներս մտնելու մենք առաջ անցանք և շրջանցեցինք տունը։ Դյուպենն ուշադիր
- ↑ Բարապանի կացարան (ֆր․)։