Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/24

Այս էջը հաստատված է

զննում էր տան շրջակայքը, թեև ես ոչ մի հիշարժան բան չէի տեսնում։ Ետ դառնալով, մենք թակեցինք դուռը և, լիազորագիրը հերթապահին ներկայացնելով, բարձրացանք տիկին Լեպանեի սենյակը։ Դիակները դեռ չէին տարել, և սենյակը ճիշտ նույն քաոսային տեսքն ուներ, որը նկարագրված էր թերթում։ Ըստ գոյություն ունեցող կարգի, ամեն ինչ թողել էին սպանության օրը գտնված վիճակում: Դյուպենը մանրակրկիտ զննեց ամբողջ սենյակը, որից հետո ուսումնասիրեց դիակները։ Այնուհետև մենք (հերթապահ ոստիկանի աչալուրջ ուղեկցությամբ) անցանք մյուս սենյակներով և իջանք բակ։ Վերջապես Դյուպենը հրաժեշտ տվեց ոստիկաններին, և մենք ուղևորվեցինք տուն։ Ճանապարհին բարեկամս մտավ փարիզյան օրաթերթերից մեկի խմբագրությունը։

Ես արդեն պատմել եմ, որ բարեկամս բազմաթիվ քմահաճություններ ուներ, որոնք Je les menageais[1] (դժվարանում եմ ավելի դիպուկ բառ գտնել)։ Այս անգամ նա հարմար գտավ իմ հետաքրքրությունը բավարարել միայն հաջորդ օրը կեսօրին, երբ հանկարծ հարցրեց, թե արդյոք ոչ մի արտասովոր բան չեմ նկատել բռնության այդ տեսարանում։ «Արտասովոր» բառը նա ասաց այնպիսի տոնով, որ ես ակամա ցնցվեցի։

— Ոչ, հատուկ ոչ մի բան,— կմկմացի ես,— համենայն դեպս, թերթում գրածից ոչ ավելի։

— Վախենամ, թե թերթի թղթակիցը չի նկատել ամենասարսափելին,— ասաց Դյուպենը։— Ինձ թվում է, որ այս առեղծվածն անլուծելի են համարում հենց այն բանի համար, ինչը պիտի անասելի հեշտացներ լուծումը։ Ես նկատի ունեմ ոճրագործին հատուկ հրեշավոր դաժանությունը։ Ոստիկաններին շփոթեցնում է ոչ այնքան սպանությունը, որքան սպանության ահավոր դաժանությունը բացատրող դրդապատճառների թվացյալ բացակայությունը։ Նրանք նաև չեն հասկանում, թե ուր են կորել այն մարդիկ, որոնց ձայները լսել են բոլոր վկաները, մինչդեռ սենյակում գտել են միայն օրիորդ Լեպանեի դիակը։ Սենյակի խառնաշփոթը, չգիտես ինչպես գլխիվայր ծխնելույզը խցկած դիակը, ծեր կնոջ խոշտանգված մարմինը և այլ պարագաներ, որոնք ևս այստեղ չեմ նշում, ջլատել են պաշտոնական խուզարկուների

  1. Ներողամտորեն հանդուրժում էի (ֆր.)։